Ռուսական վարկից $250 մլն՝ անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար

16:40 • 12.04.12

 ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն այսօր կառավարության նիստին գործադիրին ներկայացրեց աղետի գոտում՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված, 2008-2012 թթ. պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչը գործադիրն ի գիտություն ընդունեց:
Նշենք, որ ծրագրերի իրականացման համար Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկային միջոցներից նախատեսվել է հատկացնել 250 մլն ԱՄՆ դոլար, կամ 92 մլրդ 500 մլն դրամ։

2009-2011 թթ. վճարված և ՀՀ 2012 թ. պետբյուջեով նախատեսված գումարները վճարելու դեպքում, 2012թ. տարեվերջին ծրագրի իրականացման համար հատկացված ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 84 մլրդ դրամ, իսկ կառուցված բնակարանների ընդհանուր թիվը` 4.617 ։

Տիկին Ալավերդյանն իր խոսքում նշեց, որ ծրագրի իրականացումից հետո կդրվի 1008 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման հարցը, ինչը, ըստ նրա, կլուծվի Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում մեկ սենյականոց բնակարանի սպասող 400 ընտանիքների բնակարանների գնման պետական վկայագրերի (ԲԳՎ) ծրագրով, իսկ մնացած 608-ինը` բնակարանային շինարարության ծրագրով։

Ալավերդյանն ասաց, որ այս տարբերակով անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ 1.5 մլրդ միջոցների հատկացման, ինչի արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կկազմի 85 մլրդ 511 մլն դրամ։

Փաստաթուղթը, վարչապետի որակմամբ՝ աղետի գոտում կատարված աշխատանքների ամբողջական պատկերի ներկայացում է, թե ինչպես է ծախսվել ռուսական վարկից տրամադրված 250 մլն դոլարը։ «Մենք հարյուր տոկոսով կատարելու ենք մեր պարտավորությունները», - շեշտեց է վարչապետ Տիգրան Սարգսյանը