Դավիթ Հակոբյանը կմասնակցի նախագահական մարաթոնին, իսկ մինչ այդ մի լավ կտնտղի էլեկտորատը

13:36 • 12.04.12

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն անպայման կմասնակցի նախագահական մարաթոնին, իսկ Ազգային ժողովի ընտրությունները կօգտագործի, որպեսզի ստուգի իր հնարավորությունները:

«Սա միջանկյալ ընտրություններ են, նախերգանք՝ մի լավ տնտղելու էլեկտորատի համակրանքն իմ հանդեպ: Մեր ուղղությունը գահն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Դավիթ Հակոբյանը համոզված է, որ 2013թ-ին Հայաստանը կունենա նոր՝ 4-րդ նախագահը: Նա Սերժ Սարգսյանին և առավել ևս առաջին ու երկրորդ նախագահներին իրեն մրցակից չի համարում:

Դավիթ Հակոբյանը համոզված է, որ գալիք խորհրդարանը մեկ տարուց ավելի չի կարող գործել։ «Ես համոզված եմ՝ Հայաստանը կունենա 4-րդ նախագահը, ով էլ իր հետ կբերի պառլամենտական նոր շքախումբը»,- ասաց նա:
Գլխավոր մարքսիստի խոսքով՝ իշխանության երկու գլուխների ճակատագիրը կվճռվի մայիսի 7-ին։

«Եվ կձևավորվի ոչ այն սցենարով, որը պլանավորում է իշխող կուսակցությունը ելնելով երկրի ներքին դրույթներից: ՀՀԿ-ն շանս չունի, որ կվերցնի երկու գլուխները. մինիմում մեկը նա պետք է զիջի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նրան դա կպարտադրվի ներքևից, քանի որ, ըստ մարքսիստի, վերևներում հին ձևով կառավարել չեն ուզում, իսկ ներքևներում հին ձևով կառավարվել չեն ուզում: