Это побитая карта. Մարքսիստ Դավիթ Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանի մասին
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն իշխանության:
«Քոչարյանին սիրում են թմբկահարել երկու–երեք ուժեր: Այդ թմբկահարությունը որևէ ռեալ հիմք չունի: Վերադարձի ոչ մի շանս չեմ տեսնում, Это пробитая карта»,- ասաց նա և ավելացրեց. «Առաջին և երկրորդ էշալոնի արցախյան վիկինգների ժամանակներն անցել են: Հատկապես արցախյան առաջին վիկինգի վերադարձը բացառվում է»:
Դավիթ Հակոբյանը անդրադարձավ նաև ընտրություններին գնացող քաղաքական 9 ուժերին, նշելով, որ բոլորի գաղափարական ծրագրային հայեցակարգերին ծանոթ է :
«Բոլորին հետևում եմ, դատարկահաճություն՝ բառիս բուն իմաստով, քաղաքական կոկետություն, քաղաքական դեմագոգիա և ոչ մի լուրջ ծրագրային դրույթներ: Նոր տնտեսական քաղաքականության մասին ոչինչ չկա, և լուրջ ուժ, որը պետք է գաղափարական ֆրոնտում ճեղքում կատարի, ես առայժմ չեմ տեսնում»,- ասաց նա:
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, մարքսիստը նույնպես չի հավատում: Նա խնդրեց փոխանցել, որ ասում է «էլեմենտար բաներ», սակայն ճիշտ հակառակ գործողություններն են անում: «Նա եթե ուզում էր արդար ընտրություններ, ապա գրանցման փուլում պետք է օլիգարխիկ թափոնը մաքրեր»,-ասաց նա:
Այդուհանդերձ գլխավոր մարքսիստը հույս ունի, որ այս ընտրությունները կտարբերվեն նախորդից և խախտումներն ակնհայտ չեն լինի:
«Այս անգամ այդպես կեղծելու շանս չունեն: Քաղաքական ուժերի միջև եղած հակասությունները կպարտադրեն բոլորն իրենց ուժերը կենտրոնացնել հենց այդ ընտրաթերթիկների գողության վրա: Կարծում եմ այդպես նվազագույնի կհասցվի»,-ավելացրեց նա:
Ինչ վերբերում է պնդումներին, թե ընտրացուցակներում մեռած հոգիներ կան և որոշ քաղաքական ուժեր դրանց վրա են կենտրոնացել, ըստ Դավիթ Հակոբյանի, դա ցույց է տալիս, որ այդ ուժերը հարցը լիովին չեն ըմբռնում:
«Ոչ ոք չի մտածում, որ էլեկտորատի մեծ մասը չի մասնակցում ընտրություններին և փոխարենն իրենց ուշադրությունը սևեռեն այդ հատվածի ակտիվության բարձրացման վրա։ Ընկել են ցուցակներում մեռած հոգիների ետևից: Հասկացանք, ասենք 200.000 անձնագիր են տվել դրանց համար, բա ինչպե՞ս անենք, որ այն 50%–ը, որ չի մասնակցում, գա, իսկ մյուս մասն էլ գալիս են կամ կոռուպցիայով կամ պրոեկցիայով»,- ասաց նա:
Ամեն դեպքում, Դավիթ Հակոբյանը 41 ընտրատեղամասերում էլ իր հնարավորությունները բարձր է գնահատում: «Անպայման հաղթողը ես եմ լինելու, քանի գոլ անհրաժեշտ է, այնքան էլ կխփենք»,- եզրափակեց նա:









