Մոտակա տարիներին թուլամտությունը կհամակի ողջ աշխարհը. ԱՀԿ

22:09 • 12.04.12

Դեմենցիայով (dementia) տառապող մարդկանց թիվը 2030թ. կմեծանա երկու անգամ և կհասնի 65,7 մլն մարդու սահմանագծին, The Daily Mail-ի փոխանցմամբ նման կանխատեսում է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Արդեն 2050թ. այդ հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը ներկայի ցուցանիշի համեմատությամբ կաճի 70%-ով: Հայտնի է, որ դեմենցիայի զարգացումը կապված է գլխուղեղի մի շարք հիվանդությունների զարգացման հետ, որոնք ազդում են վարքի, հիշողության, մտածելու կարողության և առօրյա գործեր կատարելու կարողության վրա: Հաճախ դեմենցիային զուգահեռ զարգանում է Պարկինսոնիզմը կամ Ալցհեյմերի հիվանդությունը:

Alzheimer's Disease International-ի զեկույցի համաձայն՝ տարեկան 7.7 մլն դեմենցիայով հիվանդանալու նոր դեպք է ախտորոշվում: Փաստացի ամեն 4 վայրկյանը մեկ նոր հիվանդ է իհայտ գալիս: Իսկ բուժման համար տարեկան մոտ 604 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսվում:

Դեմենցիան (dementia) ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով և նորերի ձեռք բերման դժվարացմամբ կամ անհնարինությամբ: