ԵԱՀԿ առաքելությունը Ասկերանի ուղղությամբ դիտարկում է անցկացրել

11:42 • 12.04.12

Ապրիլի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ եղել են ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ (ԲՄՊԽ) գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացրել են ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա), ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Իլհամի Դեիրմենողլուն (Թուրքիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: