Երևանում մեկնարկել է «Էներգաարդյունավետություն էքսպո» ցուցահանդեսը

12:34 • 12.04.12

Երևանում այսօր մեկնարկել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄԻԿ) կողմից կազմակերպվող ամենամյա «Էներգաարդյունավետություն էքսպո» ցուցահանդեսը, որին ներկայացված են էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք կաջակցեն գործարարներին նվազեցնելու էլեկտրաէներգիայի ծախսերը և ջերմոցային գազերի արտանետումները:

Ըստ ՄԻԿ հաղորդագրության՝ ցուցահանդեսը ՄԻԿ-ի` Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կլիմայական պայմանների փոփոխության հետ կապված խնդիրների հաղթահարմանը ուղղված նախաձեռնության մասն է։ Ծրագրի նպատակներից կազմակերպությունները դարձնել ավելի քիչ ռեսուրսատար և ավելի շահութաբեր:

Այս տարի` ի լրումն արդյունաբերական ոլորտի էներգաարդյունավետ սարքավորումների և տեխնոլոգիաների ցուցադրմանը, ՄԻԿ–ն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել բնակելի տարածքների էներգաարդյունավետության խնդրին:

Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղաններ, քննարկումներ, պրեզենտացիաներ, իսկ ՄԻԿ-ի գործընկեր բանկերը կներկայացնեն բնակելի տարածքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված առկա ֆինանսավորման ծրագրերը:

«ՄԻԿ-ի համար առաջնահերթ խնդիրներից մեկն է ընդլայնել Հայաստանում էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները», - ասել է ՄԻԿ–ի Հայաստանում կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը:

«Ունենալով առավել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, գործարարները հնարավորություն կունենան ոչ միայն նվազեցնել էներգիայի ծախսերը, այլ նաև բարձրացնել ընկերության մրցունակությունը շուկայում: Բնակելի տարածքների էներգաարդյունավետությունը իր հերթին թույլ կտա նվազեցնել կոմունալ ծախսերը, ինչն առավել կարևոր է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար»,– ավելացրել է նա:

«Էներգաարդյունավետություն էքսպո» ցուցահանդեսը կազմակերպվել է «Մոսկվայի տանը» և կշարունակվի մինչև ապրիլի 14-ը: Ցուցահանդեսը կազմակերպված է IFC-ի Հայաստանում կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցության շնորհիվ: Նախագիծն իրականացնում է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը: