«Շիրակը» փառահեղ հաղթանակ տարավ և Գյումրիում կսպասի «Իմպուլսին»
Գյումրիի «Շիրակը» այսօր փայլուն հաղթանակ տարավ՝ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի՝ «Միկի»–ի հետ պատասխան խաղում հյուրընկալվելիս գրանցելով 1-2 հաշիվ։ Առաջին խաղում, որը կայացել էր Դիլիջանի «Բառնար» մարզադաշտում, որտեղ Գյումրիի քաղաքային մարզադաշտի վերանորոգման ընթացքում իր մրցակիցներին հյուրընկալում է Գյումրիի թիմը, «Միկան» հաղթանակ էր տարել 0-1 հաշվով, և այս խաղից առաջ նրա շանսերը շատ ավելի մեծ էին։
Բայց Գյումրեցիները չափազանց դրամատիկ խաղում կամային հաղթանակ տարան։
Առաջին խաղակեսն ընթացավ գրեթե հավասար պայմաններում, որոշակի տարածքային առավելություն, սակայն ունեին տանտերերը։ Այնուամենայնիվ, առաջին խաղակեսում արդյունք չգրանցվեց և ինտրիգը տեղափոխվեց երկրորդ խաղակես։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Միկայի» ֆուտբոլիստներն աչքի ընկան որոշակի ակտիվությամբ և դա իր արդյունքը տվեց։ Աղվան Մկրտչյանի փոխանցումից հետո պաշտպաններից մեկը գնդակն ուղարկեց սեփական դարպասը, սակայն Հարությունյանը փրկեց, իսկ ահա վրա հասած Արթուր Ադամյանը մոտ տարածությունից բացեց հաշիվը:
Այս գոլը սառը ցնցուղ դարձավ գյումրեցիների համար, և նրանք անցան կատաղի պայքարի։ Բաց թողած գոլից ընդամենը 2 րոպե անց նրանք հիանալի հնարավորություն ունեցան հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն բաց դարպասին խփած դեպի վեր հարվածը Արա Մկրտչյանը կատարեց չափազանց անհաջող, և գնդակը դիպչելով դարպասի վերին ձողին՝ դուրս եկավ դաշտի սահմաններից։
Այս դրվագից հետո գյումրեցիները ամբողջությամբ իրենց ձեռքը վերցրեցին նախաձեռնությունը և շարունակ պաշարած էին պահում «Միկայի» դարպասը։ Եվ ահա 70-րդ րոպեին գյումրեցիների պայքարը տրամաբանական արդյունք տվեց. Սենեգալցի լեգեոներ Դիոպ Դանը մոտ տարածությունից հավասարեցրեց հաշիվը։
Այս գոլից հետո գյումրեցիների խաղը նոր վերելքով ընթացավ և ընդամենը 9 րոպե անց Դիոպ Դանը դարձավ դուբլի հեղինակ։ Սա արդեն հաղթանակ էր, եթե «Միկա»–ն չփրկեր վիճակը։
Այս գոլից հետո լարվածությունն էլ ավելի մեծացավ դաշտում և տրիբունաներում։ Խաղադաշտում վիճաբանության համար դեղին քարտերի արժանացան «Միկա»–ից՝ Անդրանիկ Ոսկանյանը, իսկ «Շիրակ»–ից՝ Անդրանիկ Բարիկյանը, որի համար այն երկրորդն էր և վերածվեց կարմիր քարտի։ Բայց դա խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո էր և գյումրեցիներին մնում էր ընդամենը ևս 3 րոպե պահել հաղթական հաշիվը, ինչը նրանց հաջողվեց։
Գյումրեցիները, սեփական հարկի տակ պարտվելով հանդերձ, կարողացան Երևանում նվաճել եզրափակիչում հանդես գալու իրավունքը և ծանր ավարով վերադարձան Գյումրի։ Իսկ հաղթանակը հատկապես սկզբունքային էր, քանի որ արդեն նախապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որոշված էր, որ այս տարվա Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղը պիտի կայանար Գյումրիի քաղաքային մարզադաշտում, որը վերանորոգումից հետո առաջին անգամ խաղ կսպասարկի։
Այսպիսով, գյումրեցիները ռևանշի հասան «Միկա»–ի հետ պայքարում, քանի որ անցած գավաթի եզրափակիչում հենց այս թիմի հետ խաղի արդյունքում զրկվեց գավաթից։
Եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 29-ին։ Գյումրին կհյուրընկալի նախորդ մրցաշրջանի Հայաստանի բարձրագույն առաջնության չեմպիոն «Ուլիսի» արգելքը հաղթահարած «Իմպուլսին»։









