Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնը հետաձգվել է անվտանգության նկատառումներով
«Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը չեղյալ է հայտարարել Գյումրիում անցկացվող ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը:
Ի պատասխան Tert.am –ի հարցին, թե ինչով է պայմանավորված իր որոշումը, Գեորգի Վանյանն ասաց.«Որովհետև «Ասպարեզ» ակումբի և մեր կազմակերպության աշխատակիցների, ինչպես նաև Երևանից Գյումրի եկող հանդիսատեսի անվտանգության հարց էր: Եթե տեղական իշխանությունների լեզվով ասեմ՝ արյունահեղության հարց կար»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Գյումրիում ակցիաներ էին կազմակերպվում ընդդեմ այդ փառատոնի, այդ թվում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Գյումրիում առաջադրված Հայաստանի հանրապետական կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արման Սահակյանի նախաձեռնությամբ:
Նշենք, որ Վարդան Ղուկասյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ հարցազրույցում, անդրադառնալով Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանին՝ ասել էր.«Վայ, էդիգ որ ընգել է ձեռքս, չէ՜…
Գյումրիում հիմա ամբողջ քաղաքը խառնված է, որ կալյոսներ դնենք դրանց տակը ու ուղարկենք Ադրբեջան: Եթե Վանյանն ընկավ իմ ձեռքը, ականջները կտրելու եմ, եթե սիրուն ջան, քո ձեռքն ընկնի, դու իմ տեղը կտրի, ես սրոկը կնստեմ, նե տորմազնի, դու քոնն արա»:










