Կադաֆիի որդին շարունակում է պնդել, որ նրա դատավարությունը Լիբիայում տեղի ունենա
Մուամար Կադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը հույս ունի, որ իր նկատմամբ դատավարությունը Լիբիայում կանցկացվի և ոչ Հաագայում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) չորեքշաբթի հրապարակած զեկույցին:
Միևնույն ժամանակ ՄՔԴ-ի զեկույցում նշվում է, որ դատարանի ներկայացուցիչների հարցերին, թե ինչպես են բանտում իրեն վերաբերվում, Սեյֆ ալ Իսլամը ոչ մի բառ չի արտաբերել, ցույց է տվել ձեռքը, որի վրա երկու մատ կտրված է եղել, և ցույց է տվել դիմացի ատամների բացակայությունը:
Նախորդ շաբաթ ՄՔԴ-ն Լիբիայի իշխանություններին կոչ էր արել Սեյֆ ալ Իսլամին անհապաղ Հաագային հանձնել:
Միջազգային քրեական դատարանի կողմից նշանակված դատապաշտպանները դժգոհություն էին արտահայտել, որ ալ Իսլամը արդեն մի քանի ամիս պահվում է լիակատար մեկուսացման մեջ և նրա նկատմամբ պարբերաբար կտտանքներ են իրականացվում:









