ՀԱՊԿ նիստի գլխավոր նպատակը Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրների զարգացումն է. Կարավաև

13:02 • 12.04.12

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ ընդլայնված նիստի գլխավոր նպատակը Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրների զարգացումն է:

Այս մասին այսօր նիստի ժամանակ բացման խոսքում նշեց Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Իգոր Կարավաևը:

«Այսօրվա հանդիպման հիմնական նպատակը ռազմաարդյունաբերական համալիրների զարգացումն է, որը կնպաստի Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի ամրապնդմանը»,-նշեց նա:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորեց նիստի կայացումը` այն համարելով արդյունավետ ռազմատնտեսական համագործակցության համար լավ հիմք:

«ՀՀ նախագահը մեծ ուշադրություն է հատկացնում այս բնագավառին և մենք անընդհատ քննարկում ենք այս ոլորտը: Այս առումով մենք կարևորում ենք նաև օգոստոսին ստորագրված հուշագիրը»,- նշեց Բաղդասարյանը՝ նկատի ունենալով ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև 2010 թվականի օգոստոսին կնքված Փոխըմբռնման հուշագիրը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ևս կարևորեց հուշագիրը, որն, ըստ նրա, իրականություն դարձավ Անվտանգության խորհրդի և Հայաստանի Պաշտպանության նախարարության շնորհիվ:

«Առաջին անգամ մենք ավելի օպերատիվ կդիտարկենք հարցերը և արդյունավետ որոշումներ կընդունենք: Օգոստոսին մենք ստորագրեցինք հուշագիրը, որը իրականություն դարձավ Հայաստանի Անվտանգության խորհրդի և Պաշտպանության նախարարության տքնաջան աշխատանքի շնորհիվ»,– Վալերի Սեմերիկովը։

«Նախ ասեմ, որ առաջին անգամ մենք հասանք նրան, որ ռուս-հայկական համատեղ հանձնաժողովի նիստը նման ներկայացուցչական կազմով տեղի է ունենում Երևանում: Սա խոսում է ռուս-հայկական ռազմավարական համագործակցության բովանդակության մասին: Սա շատ լավ հնարավորություն է հաղթահարելու այն բյուրոկրատական քաշքշուկները, որոնք կարող էին լինել: Այս համատեղ աշխատանքը լավ հնարավորություն կտա կատարել այն, ինչ-որ ուղենշել ենք»,-ավելացրեց ԱԽ քարտուղարը:

Խոսելով Հայաստանի տարածքում պաշտպանական համալիրների մասին, Բաղդասարյանն ասաց, որ ունենք շատ լավ արդյունքներ. Ռուսաստանի Դաշնության հետ 7 համատեղ ձեռնարկությունների ստեղծման գործընթացը շատ լավ ընթացքի մեջ է:

Սեմերիկովը տեղեկացրեց նաև, որ այսօրվա նիստի շրջանակներում նախատեսվում է այց ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրների մաս կազմող գործարաններ, որից հետո նիստը շարունակվեց փակ ձևաչափով: