Հայաստանի և ՌԴ միջև կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր

11:33 • 12.04.12

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով Ռուսաստանի և Հայաստանի միջև կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր, որն, ըստ նրա, լուրջ հնարավորություն կընձեռի խորացնելու Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը: Այս մասին նա ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազակերպության (ՀԱՊԿ) Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ ընդլայնված նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը նման պայմանագիր ունի միայն Բելառուսի Հանրապետության հետ։ «Այսօրվա կարևորագույն իրադարաձությունը ես կհամարեմ քննարկումից հետո պայմանագրի ստորագրումը: Քննարկումների արդյունքում մենք եկել ենք համաձայնության, որ կստորագրվի Ռուսաստանի և Հայաստանի միջև առանձին ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր»,– ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով, պայմանագրի կողմերը ՀՀ և ՌԴ կառավարություններն են: ԱԽ քարտուղարը նշեց, որ այս պայմանագիրը հնարավորություն կտա Հայաստանի ռազմական անվտանգության ամրապնդման համար:

Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ վաղն առավոտյան ԱԽ-ում նոր քննարկում է նախատեսվում, որը նվիրված է լինելու առաջիկա զորավարժություններին: