Տեղի ունեցավ ՀՅԴ-ի քարոզարշավին նվիրված կայքի շնորհանդեսը

13:38 • 12.04.12

Այսօր ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության քարոզարշավի նպատակով ստեղծված Arf2012.am կայքի շնորհանդեսը:

«Կայքը լուսամուտ ու դուռ է մեր ընտրողների առջև: Այցելուները մեզ կարող են դիմել իրենց համար հուզող հարցերով: Խոստանում եմ, որ բոլոր հարցերը և առաջարկությունները պատասխան կունենան: Դրանով կհարստացնենք մեր քարոզարշավը»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` տեղեկացնելով, որ կայքը գործելու է նաև ընտրություններից հետո:

Քարոզչական հանձնախմբի անդամ Վահան Վարդանյանը` ներկայացնելով կայքի կառուցվածքը նշեց, որ օպերատիվ կերպով կայքում տեղ են գտնելու կուսակցության նախընտրական գործունեության հետ կապված բոլոր նորությունները:

«Կայքում տեղադրված են նախընտրական ծրագիրը և հռչակագիրը,
նախընտրական շտաբերը նշված են քարտեզով, որտեղ կարող եք տեսնել, թե ովքեր են շտաբերի պատասխանատուները, կան նաև նրանց կոնտակտները։ Կապ բաժնում էլ այցելուները կարող են մեզ հետ կապ հաստատել»,- ներկայացնելով կայքը նա:

Կայքն ունի նաև համամասնական և մեծամասնական ցուցակները ներառող բաժին, որտեղ կան պատգամավորության բոլոր թեկնածուների լուսանկարները և կենսագրությունները: Պատկերասրահ բաժնում տեղադրված են կուսակցության վերաբերյալ տարբեր տեսանյութեր և լուսանկարներ:

ՀՅԴ քարոզչական հանձնախմբի անդամ Ազատուհի Սիմոնյանը նշեց, որ կայքը միայն հայերեն լեզվով է, ինչը քարոզարշավի համար ավելի նպատակահարմար է: ՀՅԴ-ի մարզային նախընտրական հանդիպումները նրա խոսքով կայքում օնլայն չեն հեռարձակվի:

Կայքը ստեղծող ընկերության ներկայացուցիչ Գևորգ Գալուկյանը նշեց, որ կայքը պատրաստելուց հետապնդել են երկու նպատակ` հարմարություն և բարձր անվտանգություն։

«Նախ որ հարմար և պարզ լինի օգտագործման համար: Բոլոր էջերին հնարավոր է հասնել 3 «քլիքով»: Փորձել ենք մաքսիմում ապահովել անվտանգության խնդիրները: Կայքն ունի պաշտպանական եռաստիճան համակարգ: Հարձակման դեպքում հնարավոր է մաքսիմալ արագ հակազդել հարձակմանը»,– ասաց Գալուկյանը:

Ազատուհի Սիմոնյանը նշեց նաև, որ դաշնակցականները ակտիվ են նաև սոցիալական ցանցերում: 2500 համակիրներ կան կուսակցության ֆեյսբուքյան էջում, սակայն նա նկատեց, որ քարոզչական հիմնական ուղղորդումը կլինի կայքով: