Իսլամիստները սպառնացել են պայթեցնել «Եվրատեսիլ»-ի մասնակիցներին

13:22 • 12.04.12

Ադրբեջանի իսլամիստ ծայրահեղականներն իրենց վրա են վերցրել նախորդ շաբաթ Գյանջայում ու այլ քաղաքներում իրականացված ահաբեկչության փորձերի պատասխանատվությունը` հայտարարելով, որ հաջորդ հարձակումը կգործեն Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012»-ի մասնակիցների վրա:

Հիշեցնենք, որ երկրի Ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ) նախորդ շաբաթ հատուկ գործողություններ էր իրականացրել Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և այլ քաղաքներում, որոնց արդյունքում ձերբակալվել էին ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող ապօրինի խմբավորումների 17 անդամներ: Գործողություններից մեկի ժամանակ նրանցից մեկը` Վուգար Պադարովը պայթեցրել էր իրեն` Ազգային անվտանգության նախարարության մի փոխգնդապետի հետ միասին:

«Եվրատեսիլ»-ը սարսափելի երազ է բոլոր մուսուլմանների համար: Սատանայի բոլոր ուժերին, բոլոր շեղվածներին ու արվամոլներին թող չթվա, թե կարող են այցելել մի երկիր, որի վրա թափվել է արդար մուսուլմանների արյունն ու պահել իրենց այնպես, ինչպես ցանկանան: Նրանց նկատմամբ անպայման հարձակումներ կիրականացվեն»,- Ummanews.ru կայքում հաղորդագրություն է տեղադրել ոմն Մուսլիմ:

Նրա վստահեցմամբ` ոչ մի Մոսադ, ՄԻ-6, ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչություն), ԱԱՆ և այլ 3-տառանոց կազմակերպություն «չեն կարող պաշտպանել նրանց իրենց հասանելի պատժից»:

«Անցկացված օպերացիան (ահաբեկչությունների փորձերը), որոնց մասին հայտնի դարձավ ողջ աշխարհին, Ադրբեջանի խրոխտ մուսուլմանների հնարավորությունների մասին գովազդային հոլովակ էր»,- ասել է նա:

Երգի մրցույթը կանցկացվի մայիսի 22-ին (կիսաեզրափակիչ) և 26-ին (եզրափակիչ):