Facebook-ը լայն և անվճար հարթակ է քարոզչության համար. փորձագետ
Մարտի վերջի տվյալներով ավելի քան 280 հազար հայ օգտատեր կա Facebook սոցիալական կայքում և այդ ամենը շատ մեծ ազդեցություն ունի գալիք ընտրությունների վրա, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռեգիոն» հետազոտական ընկերության ներկայացուցիչ Լաուրա Բաղդասարյանը:
«Facebook-ում քարոզչությունը շատ մեծ ծավալների է հասնում, այստեղ ամեն ինչ ավելի հեշտ է: Նախ պետք է նշենք ֆինանսական կողմը: Բոլորս էլ գիտենք, որ ԶԼՄ-ների միջոցով քարոզչություն անելը դա գումար արժե, իսկ ահա այստեղ գումարներ պետք չեն: Facebook-ում կարելի է իրականացնել ամենատարբեր տեսակի քարոզչությունը»,- ասաց նա։
Լաուրա Բաղդասարյանի խոսքով` այս սոցկայքում այսօր գրանցված են քաղաքական շատ գործիչներ, նախարարներ, պատգամավորներ, Ազգային ժողովի նախագահը և այլոք, և բոլորն այդ կերպ հասանելի են ընտրողներին:
«Ինտերակտվիությունը Facebook-ի ամենահետաքրքիր մասն է: Սա հնարավորություն է տալիս հետադարձ կապ ընտրողների և ընտրվողների միջև, ինչը հնարավոր չէ անգամ հեռուստատեսային մեդիայի միջոցով: Անգամ հեռուստադեբատները չեն կարող դա տալ հեռուստադիտողներին, կապ պահպանել քարոզչություն իրականացնողի հետ, ինչպիսի հնարավորություն տալիս է Facebook-ը»,– ասաց նա:
Լաուրա Բաղդասարյանը նաև նշեց, որ իրենց կազմակերպությունն ուսումնասիրել է Facebook-ում ակտիվ 5 էլեկտրոնային լրատվամիջոցի գործունեությունը։
Նշված լրատվամիջոցներն են` Tert.am, News.am, Zham.am, 1in.am և 7or.am կայքերը: Ըստ Լաուրա Բաղդասարյանի՝ նշված լրատվամիջոցները մինչև քարոզարշավը լուսաբանել են հիմնականում ընտրական գործունեությանը վերաբերող լուրերը:
«Նշված լրատվամիջոցներում ուսումնասիրության արդյունքում ամենաշատը նշվել է ՀՀԿ-ի մասին: Հերթականությամբ, որ գանք այսպես է. ՀՀԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «ՀԱԿ և ՀՅԴ»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը:









