Մաշտոցի այգում ապամոնտաժողներին ևս մեկ խումբ է միանում. նամակ ոստիկանապետին

16:58 • 12.04.12

Մաշտոցի պուրակում շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբն այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նամակ է ուղղել՝ պահանջելով ապահովել մի խումբ «ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար»:

Նամակում ակտիվիստները պահանջում են նաև ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

Բնապահպան ակտիվիստները Վլադիմիր Գասպարյանին նաև տեղեկացնում են, որ «այսօրվանից պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող հինգ խմբերին միանում է VI-րդ խումբը, որում ներառված են յոգայի և ուշույի հրահանգիչ Անդրանիկ Աթովանցը, մարկետինգի և գովազդի բաժնի ղեկավար Սարգիս Ավագյանը, ծրագրավորող Գոռ Գասպարյանը, դոցենտ Լևոն Կարախանյանը, գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը, «Հայկական համակարգ»-ի անդամ Հովհաննես Նալբանդյանը, ասպիրանտ, ծրագրավորող Անդրանիկ Շարափչյանը և բժիշկ-սրտաբան Մարինե Սուքիասյանը»:

Նամակում նաև նշվում է, որ ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, «առանց հասարակական կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու»։