«Արմենիա TV» տեղափոխությունս զուտ անձնական դրդապատճառներ ունի. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը «TV մոլ» շաբաթաթերթին տված հարցազրույցում հաստատելով իր՝ Հանրային հեռուստաընկերությունից հեռանալու և «Արմենիա TV» տեղափոխվելու մասին լուրերը, անդրադարձել է այդ քայլի պատճառներին:
«Իմ տեղափոխությունը լրիվ այլ դրդապատճառներ ուներ՝ զուտ անձնական, կարելի է ասել, հոգեբանական: Չեմ ուզում կրկին անդրադառնալ այդ թեմային (հաղորդավարուհու մայրիկի մահվան թեմային), սակայն դրանից հետո գերադասեցի փոխել իմ աշխատավայրը»,- ասել է Նազենի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ուրախ է, որ այսօր արդեն կրկին աշխատանքային եռուզեռի մեջ է:
Լրագրողի այն հարցին, թե իր մասնակցությամբ «Արմենիայում» հիմա միանգամից երկու հեռուստանախագիծ է նկարահանվում, արդյո՞ք այդ հաղորդումները հնարավոր չէր անել Հ1»-ում, Նազենին պատասխանել է. ««Հանրայինը» հաղորդումների այնքան մեծ ներկապնակ ունի, որ այնտեղ անհնար է չգտնել որևէ հետաքրքիր գույն»:
Նա նաև մանրամասնում է «Երկրի գանձերը» անվանումն ունեցող ռետրո և մեկ այլ հաղորդաշարին (վերջինի անվանումը դեռ չի նշվում) իր ներգրավման շարժառիթն ու մասնակցության չափը: Այսպես, շնորհիվ «Երկրի գանձերը» ռետրո հաղորդաշարի, Նազենի Հովհաննիսյանը շատ բաներ է բացահայտել: Օրինակ, չէր իմացել, որ Արփա–Սևան նախագիծը հենց 1961 թվականի նախագիծ է: Ի դեպ, հաղորդավարուհին հավելել է, որ հաղորդման թեմա դարձած տարիներին՝ վաթսունականներին բնորոշ հագուստը իր «սրտի թելադրանքից է գալիս», քանի որ այն դասական է կամ լավ մոռացված հինը:
Այս ձևաչափը, հաղորդավարուհու խոսքով, իրեն խորթ չէ, քանի որ ծնված լինելով 1982–ին, ծնողների շնորհիվ ծանոթ է շատ ավելի վաղ ժամանակաշրջանի մշակույթին, արվեստին ու երևանյան իրականությանը:
Ունի նաև գիտելիքներ ու «մեծ արխիվային կաղապար», որոնք կուտակվել են մարդկային շփման արդյունքում ու ֆիլմերից:
Մյուս հաղորդման մտահղացման հեղինակը հենց Նազենի Հովհաննիսյանն է, որը, սակայն, չի կարող ասել, որ հեծանիվ է հորինել:
Հաղորդաշարը քաղաքական ուղղվածութուն չունի, թեև քաղաքականության մասին էլ են խոսելու դրա շրջանակներում:
«Բայց այն ավելի շատ մարդաբանական, մարդու ուսումնասիրությանն է նվիրված… Սա ավանդական հարցազրուցային ձևաչափ է, սակայն այստեղ փորձելու եմ հանրությանը քաջ ծանոթ մարդկանց այլ տեսանկյունից ներկայացնել: Հեռուստաէկրանին սովոր ենք տեսնել բարեփոխումների կամ ընտրակարգերի մասին խոսող քաղաքական գործիչների կամ էլ շոու բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր, միշտ լինելով բոլորի ուշադրության կենտրոնում, մի տեսակ «փակված են»: Ահա, ես փորձելու եմ նրանց «բացել»՝ շեշտը դնելով նրանց մարդ տեսակի վրա»,-ասել է Նազենի Հովհաննիսյանը:









