Սիրիայում հրադադար է հաստատվել
ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի «Սիրիայի խաղաղության» նախագիծը կյանքի է կոչվում: Այսօր առավոտից բախումները Սիրիայում դադարել են:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն Անանի ներկայացրած վերջնաժամկետի ավարտից հետո առաջին ժամերը Սիրիայում խաղաղ են. Հոմս, Համա և Իդլիբ քաղաքներում այլևս կրակահերթեր չեն լսվում:
Ընդդիմության տարբեր խմբերը հաստատել են, որ պատրաստ են դադարեցնել կրակը, եթե ծանր տեխնիկան դուրս բերվի քաղաքներից:
Սիրիայի կառավարությունը նույնպես Քոֆի Անանի ներկայացրած վերջնաժամկետից ժամեր առաջ հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել կրակը: Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ «ահաբեկիչների դեմ ուղղված բոլոր գործողությունները» դադարեցվել են: Սակայն շեշտել, որ անվտանգության ուժերի վրա որևէ հարձակում անպատասխան չի թողնվելու:
Անանի մամուլի խոսնակ Ահմեդ Ֆեվզին ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնական Դամասկոսը նամակով հաստատել է, որ առավոտյան ժամը 06:00 բոլոր գործողությունները դադարեցված են լինելու:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը նույնպես Twitter -ում հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ հրադադարի հաստատումն արդեն սիրիական ընդդիմության ձեռքում է:









