ՀԱԿ-ը ինձանից պետք է ամաչի. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ավան թաղամասն ընդգրկող թիվ մեկ ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքում պետք է իրենից ամաչեն։
«ՀԱԿ-ը ծայրից ծայր ինձ տեսնելով պետք է ամաչի»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե քաղաքական դաշտում կա մարդ, ով Ռուբեն Հայրապետյանին տեսնելուց պետք է ամաչի:
«Ես նախ ասեմ, որ իմացա այստեղ Լևոն Տեր Պետրոսյանն է առաջադրվելու, ես էլ առաջադրվեցի (Լևոն Տեր–Պետրոսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրված չէ –խմբ.)։ Ես ասում եմ, թող Լևոն Տեր Պետրոսյանը բարոյական գտնվի, մի քանի անգամ իր տղայի և շատ ուրիշների միջոցով։ Ի՞նչ է նշանակում շտաբ չեն կարողանում ճարել։ Չեն կարողանում, թող չմտնեն մեծ քաղաքականություն»,– ասաց նա:
«Մի անգամ էլ եկան ասեցին Լևոն Տեր Պետրոսյանը չի կարողանում նախագահական ընտրությունների ժամանակ շտաբ գտնի, ես կազմակերպեցի՝ շտաբ տրամադրեցին»,- ավելացրեց Ռուբեն Հայրապետյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ճիշտ հասկացավ արդյո՞ք, որ Ռուբեն Հայրապետյանն աջակցել է Լևոն Տեր Պետրոսյանին, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ես աջակցում եմ ՀՀ յուրաքանչյուր խեղճ քաղաքացու»:
Ռուբեն Հայրապետյանը կոչ արեց նաև, որ քաղաքական դաշտում բոլորը քաղաքակիրթ մոտեցումներ դրսևորեն, և հայհոյելուց ու «ռազբորկաներից» անցնեն քաղաքական իրական պայքարի:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու են 8 քաղական կուսակցություն և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը։ Հարյուրից ավելի անհատներ առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով:









