Տիգրան Արզաքանցյանն ո՞վ է, չեմ ճանաչում. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Ռուբեն հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե չի ճանաչում և չի հիշում ՀՀ ազգային ժողովի դեռևս գործող ՀՀԿ-ական պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին:
«Տիգրան Արզաքանցյանն ո՞վ է, չեմ ճանաչում, չեմ հիշում իրեն»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Տիգրան Արզաքանցյանին, ում փոխարեն առաջադրվել է «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը:
«Այ Մանվել Բադեյանին շատ լավ եմ ճանաչում, նա իմ կուսակից ընկերն է»,- ավելացրեց Ռուբեն Հայրապետյանը:
Լրագրողները, հարցին, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը տեղյակ է, որ նրա գործընկեր, ԱԺ պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանը նախընտրական քարոզարշավի համար գումար հավաքելու նպատակով հաշվեհամար է բացել և արդյոք իրեն դիմել է աջակցելու խնդրանքով, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Տեղյակ եմ, 50.000 դրամ փոխանցել եմ, ավել չունեի»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավոր է, որ Ռուբեն Հայրապետյանի նման էլ Սամվել Ալեքսանյանն իրեն աջակցի, որին ի պատասխան ՀՖՖ նախագահն ասաց. «Ոչ, Սամվել Ալեքսանյանը բազմազավակ հայր է, նա չի կարող»:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 6-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ են ներկայացրել 8 քաղաքական կուսակցություն և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը (ՀԱԿ), ինչպես նաև հարյուրից ավելի անհատներ` մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար: Ընտրությունների պաշտոնական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է ապրիլի 8-ին:
Գործարար Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Երևանի Ավան թաղամասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում, իսկ գործարար Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա թաղամասն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում:
Թե՛ Սամվել Ալեքսանյանը, թե՛ Ռուբեն Հայրապետյանը իրենց ընտրատարածքներում կպայքարեն լրագրողների հետ` Ռուբեն Հայրապետյանը ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանի, իսկ Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի հետ: Գայանե Առուստամյանից և Ռուբեն Հայրապետյանից բացի թիվ 1 ընտրատարածքում ընտրապայքարի է դուրս եկել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:









