Ռուսաստանի Տուլայի մարզում գործարար Գեղամ Սարգսյանի ընտանիքի վրա կատարված ավազակային հարձակման մանրամասները
Քննիչները հիմքեր չեն հայտնաբերել ռուսաստանաբնակ գործարար Գեղամ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Սարգսյանը հարուցված քրեական գործի շրջանակում հանդես է գալիս որպես տուժող: Քննիչները կարծում են, որ հայ գործարարը դուրս չի եկել ինքնապաշտպանության սահմաններից:
Հայ գործարարի ընտանիքը դեռ չի կարողանում առանց սարսափի հիշել տեղի ունեցածը:
«Հայրս նոր էր տուն մտել, րոպեներ առաջ նա խոզերին էր կերակրում: Մաման, ամուսնուս քույր Մարինան և չորս երեխաները նույնպես տանն էին: Այդ ժամանակ պատուհանը թակեցին և խնդրեցին ներս մտնել, երբ նրանք հայտնվեցին տան շեմին, անմիջապես սկսեցին գոռալ և բոլորիս մեկ սենյակ մտցրին ու լույսը մարեցին», - պատմում է Գեղամ Սարգսյանի հարսը՝ Էդիտան:
Դրանից հետո չորս բանդիտները սկսել են տան տերերից ոսկյա իրեր և փող պահանջել` ատրճանակը սեղմելով փոքրիկ Բելլայի գլխին: Ընտանիքը հավաքել է տանը եղած բոլոր արժեքավոր իրերը, հանել է իրենց վրայից բոլոր ոսկյա իրերը, սակայն ավազակախմբին դա չէր բավարարում:
Բանդիտներից մեկը ավազակախմբի մնացած անդամներին վրացերեն հրահանգել է գնդակահարել տան բոլոր անդամներին՝ սկսելով երեխաներից, պատմում է հարսը:
Ընտանիքին փրկել է միայն տանտիրոջ վարկենական ռեակցիան: Նա որոշ ժամանակ Վրաստանում է ապրել, այդ պատճառով հասկացել է, թե ինչ է ասում բանդիտը:
Սարգսյանը նետվել է հարձակվողներից մեկի վրա. վերջինս Գեղամին հրել է խոհանոց: Աղջիկը` Մարինան, կոտրել է պատուհանը և օգնություն կանչել, իսկ հարսը փորձել է բանդիտի ձեռքից ատրճանակը խլել:
Այդ պահին Գեղամը խոհանոցում, մթության մեջ գտել է խոհանոցային դանակը և դրանով հարվածել հարձակվողներից մեկին:
Գեղամը նշում է, որ ոչ մի բանի համար չի ափսոսում և մաղթում է, որ նման իրավիճակում հայտնված ցանկացած ծնող կարողանա նման կերպ պաշտպանել իր ընտանիքը:
Ինչ վերաբերում է ավազակախմբին, ապա ըստ քննչական մարմինների, նրանք նախկինում դատված են: Վարկած կա, որ գործել են ուղղորդմամբ, հանցագործները ժամանել են Մոսկվայի շրջանից: Քննիչների վարկածով, ավազակային հարձակման պատվիրատուն կարող էր Ռուսաստանից դուրս դտնվել:









