Գյումրիում սպանվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն (լուսանկարներ, տեսանյութ)
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրիում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրիում՝ «Մայր Հայաստան» հուշարձանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։
Գ. Շամշյանին գյումրեցիները պատմել են, որ սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն է՝ Կարեն Եսայանը։ Վերջինս 27 տարեկան էր և ԱՄՆ–ից նոր էր վերադարձել ու այսօր պետք է կայանար նրա ու Գյումրու քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը։
Քիչ առաջ սպանվածի դին տեղափոխվեց դիահերձարան։ Դեպքի վայր է ժամանել անձամբ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը։ Գյումրի են ժամանում նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները։
Քիչ առաջ Գյումրի ժամանեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը։
Ոստիկանությունից Tert.am–ին հաստատեցին այս տեղեկատվությունը՝ ներկայացնելով նաև մի քանի մանրամասներ։ Մասնավորապես, հայտնի դարձավ, որ այսօր Գյումրիի Ոստիկանություն են դիմել քաղաքացիներ՝ ասելով, որ 1985թ. Կարեն Եսայանը իր «Մերսեդես 200» մակնիշի մեքենայով դուրս է եկել և անհայտ կորել է։ Ժամը 21-ի սահմաններում նշված մեքենան հայտնաբերվել է Սև Ղուլ կոչվող թաղամասում, որի մեջ եղել է Կարեն Եսայանի դին։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեռևս իրենց աշխատակիցների կողմից պարզվում են մահվան պատճառները, մասնավորապես այն հրազենային վնասվածքի արդյունք է, թե ոչ։
Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք–զինամթերք կրել, պատրաստել, օգտագործել) հատկանիշներով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









