Արթուր Ստեփանյանի կողմնակիցների մասին մամուլի հրապարակումը սև PR է. նախընտրական շտաբ
Քանաքեռ–Զեյթուն համայնքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արթուր Ստեփանյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա հրապարակմանը։
«Ցավոք, նախընտրական քարոզչությունը ենթադրում է նաև սև PR-ի առկայություն։ Տվյալ հրապարկումը դիտարկում ենք հենց այդ համատեքստում և կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ գործիք դառնալուց: Հորդորում ենք առաջնորդվել լրագրողական էթիկայի սկզբունքներով և չտրվել էժան գայթակղություններին և, հիշել, որ նախընտրական քարոզարշավի շրջանն անցողիկ է, իսկ մեր բոլորիս նպատակը` ուժեղ և ամուր պետություն ու առողջ հասարակություն ունենալը»,– ասվում է Արթուր Ստեփանյանի նախընտրական շտաբի՝ Tert.am-ին տրամադրած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «ՉԻ»–ն այսօրվա համարում գրել էր, որ օրերս բակային հանդիպումներից մեկի ժամանակ Չախկալ Արթուրը հրապարակային հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր հանդգնություն կունենան «շուռ չգալ» իր կողմը` կպատժվեն ապտակով: ««Մենք տեր ենք կանգնելու էդ թաթալոշներին»,– հայտարարել են Արթուր Ստեփանյանի կողմնակիցները (նկատի ունեն, որ չեն հրաժարվելու ապտակներից)»,– մասնավորապես գրել էր թերթը։









