Սուդանի օդուժը ռմբակոծել է Հարավային Սուդանը
Այսօր առավոտյան Սուդանի օդուժը 5 ռումբ է նետել Հարավային Սուդանի Բենտիու քաղաքի վրա, տեղեկացնում է «Ֆրանս Պրես»-ը:
«Նրանք գրոհել են Բենտիու քաղաքը, ամենայն հավանականությամբ` նրանց թիրախը երկու երկրների սահմանին գտնվող քաղաքային կամուրջն է եղել»,- ասել է Հարավային Սուդանի Տեղեկատվության փոխնախարար Յաակ Աթեմը:
Նախօրեին երկու երկրների կառավարություններն արտակարգ դրություն էին հայտարարել երկրներում և բնակչությանը պաշտպանվելու կոչ արել: Սակայն ինչպես նշել է Աթեմը` իրենք չեն ցանկանում խնդիրը ռազմական ճանապարհով լուծել:
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է, մենք չենք ցանկանում պատերազմել որևէ մեկի հետ, նրանց գրոհները մեզ չեն զարմացնում, քանի որ նրանք առիթ են փնտրում պատերազմելու համար»,- ասել է Աթեմը, հավելելով, որ ռմբակոծված կամուրջը տեղակայված է եղել ՄԱԿ-ի համալիրի մերձակայքում:
Մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում` ՄԱԿ-ը և Աֆրիկյան Միությունը Հարթումին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները:
Հիշեցնենք, որ տասնյակ տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի արդյունքում 2011-ի հուլիսի 9-ին Սուդանը բաժանվեց երկու մասի` Հարավային Սուդան և Սուդան:









