Վրաստանը քմահաճ ու անկանխատեսելի երկիր է. Սուխումի
Վրաց- աբխազական հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի առաքելության նախկին ղեկավար Դիթեր Բոդենի ու Բունդեսթագի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնի` Վրաստան մուտքի արգելքը ևս մեկ ապացույց է այն բանի, թե ինչ քմահաճ ու անկանխատեսելի պետության հետ է հարևանություն անում Աբխազիան, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբան:
«Կարծում եմ, որ աշխարհը տեսավ` ում հետ մենք գործ ունենք: Իսկ գործ ունենք Վրաստանի առաջնորդների հետ, որոնք տանել չեն կարողանում որևիցե այլախոհի»,- ասել է նա:
Գերմանական «Մարշալ» և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամների պատվիրակությունը, որոնց կազմում էին նաև երկու գործիչները, ծրագրում էին ապրիլին այցելել Վրաստան, այնուհետ` Աբխազիա: Սակայն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արգելել է պատվիրակությանը մուտք գործել երկիր` Բոդենի ու Կրամոնի պատճառով:
Մերժումից հետո, Բոդենը գերմանական Süddeutsche Zeitung թերթում հոդված է հրապարակել այն մասին, թե որն էր մերժման պատճառը:
GHN-ի հաղորդմամբ` Չիրիկբան ընդգծել է, որ գերմանացի դիվանագետ Դիթեր Բոդենը Հարավային Կովկասի հարցերով հայտնի փորձագետ է և քաջատեղյակ է Աբխազիայի խնդիրներին: Իսկ Բունդեսթագի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնն այն կարծիքին, է որ Վրաստանը պետք է կարգավորի հարաբերություններն Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, ինչը «ձեռք չի տալիս Վրաստանին»:
Բոդենը 1995-96թթ. եղել է Վրաստանում ԵԱՀԿ հատուկ առաքելության ղեկավարը: Իսկ 1999-ի դեկտեմբերին նա նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի` վրացա-աբխազական հակամարտության կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ:









