Քաղաքապետարանը կոչ է անում մասնակցել ապրիլի 14– ի շաբաթօրյակին և ծառատունկին

17:37 • 12.04.12

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործող բոլոր պետական և հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատություններին, համատիրություններին և, ընդհանրապես, բոլոր երևանցիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ապրիլի 14– համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին:

Ըստ՝ Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության այդ օրը մաքրման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ կկատարվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Առանձնակի ուշադրություն կդարձվի, հատկապես, բակային տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը։

Շաբաթօրյակը արդյունավետ անցկացնելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին, համատիրություններին, տարբեր կազմակերպությունների տրամադրվել են համապատասխան գործիքներ, աղբի հավաքման և տեղափոխման նպատակով՝ անհրաժեշտ մեքենամեխանիզմներ:

Մաքրման աշխատանքներին զուգահեռ, գարնանային ծառատունկի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկել շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տնկիներ կտրամադրվեն նաև համատիրություններին։

Ընդհանրապես գարնանային ծառատունկի ընթացքում այս տարի մայրաքաղաքում կտնկվի ավելի քան 34000 ծառ և թուփ, ինչը նախորդ տարվանից ավելի է 15000–ով։

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս կոչ է անում ակտիվորեն մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին՝ համատեղ ուժերով մաքրելու, բարեկարգելու ու կանաչապատելու Երևանը։