ՀՀ նախագահի ներկայությամբ «Արարատ Գրուպ» ընկերությունում գործարկվեց նոր արտադրամաս
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցելության ժամանակ այցելեց «Արարատ Գրուպ» հանքային ջրերի գործարան, որտեղ և վերջինիս ներկայությամբ փորձարկվեց եվրոպական սարքավորումներով համալրված նոր արտադրամասը:
Նշենք, որ «Արարատ Գրուպ» գործարանը ամբողջովին պատկանում է բրիտանական «Մարթոն ֆորեսթ գրուփ լիմիտեդ» ընկերությանը:
2010-2012թթ. ընթացքում իրականացվել է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Առաջիկա տարիներին նախատեսվում է ևս 7-9 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
«Ամբողջ արտադրական ցիկլը ընթանալու է տեղում, և արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանման համար: Իհարկե հիմնական ուղղությունները լինելու են հայաշատ պետություններն ու քաղաքները, իսկ եթե արտադրական հզորությունները թույլ տան հետագայում, ապա ուղղակի արտահանում կապահովվի նաև այլ պետություններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ձեռնարկության վարչական տնօրեն Արմեն Մկրտչյանը:
Նշենք, որ ընկերությունը նախատեսում է Հայաստանում սկսել հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադություն, որի 70% նախատեսվում է իրացնել արտերկրում: Արտադրությունը կազմակերպելու նպատակով Հայաստան է ներմուծվել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիաներ:
«Արարատ Գրուպ» ՍՊԸ-ում նախագահի ացելության ընթացքում փորձարկվեց նորագույն սարքավորումներով համալրված նոր արտադրամասը, և նախատեսվում է, որ այդտեղ կարտադրվեն շշերի նախապատրաստուկ, պոլիէթիլենից շշեր, կափարիչներ և արկղեր, բժշկական մաքրության ածխաթթու գազ, հանքային և քաղցրահամ ջրեր, բնական գազավորված ըմպելիքներ:
Արտադական հզորությունները թույլ են տալիս շշալցնելու 1 ժամում մինչեւ 30 հազար շիշ:
Նշենք նաև, որ մինչև 2015թ-ը աշխատատեղերի քանակը պետք է 120-ից հասնի 261-ի: 2012թ-ին միջին աշխատավարձը կկազմի 147 հազար դրամ, իսկ 2015թ-ին մինչև 181 հազար դրամ:









