Գալիս ենք միասին կառուցելու բարգավաճ դաշնակցության ռեժիմ. Աշոտյանի ՝ ««միացյալ» շտաբին» առաջարկած կարգախոսը
«Ֆեյսբուքյան» ամենաակտիվ օգտատերերից մեկը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի հռչակագիրը ստորագրած քաղաքական ուժերին՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, Հայ հեղափոխական դաշնակցությանն ու Հայ ազգային կոնգրեսին առաջարկում է հանդես գալ նույնքան «միացյալ» կարգախոսով: Այն է՝ « Գալիս ենք միասին կառուցելու բարգավաճ դաշնակցության ռեժիմ»:
Արմեն Աշոտյանն այս ցանկում, ընդ որում, փակագծերում ու հարցական նշանով, ներառել է նաև «Ժառանգություն» կուսակցության անունը. («Ժառանգություն» ? ):
Հիշեցնենք, որ վերահսկողության միասնական շտաբի վերջին նիստից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց, թե շտաբի ներկայացրած հռչակագիրը կստորագրի միայն այն ժամանակ, երբ հռչակագրի ներքո կլինեն երեք կուսակցությունների առաջին դեմքերի ստորագրությունները, վերջիններս «Ժառանգությանը» հակադարձեցին, թե դա ընդամենը պատրվակ է՝ պայմանավորվածություններից հետ կանգնելու համար:
Նշենք, որ Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը «Ֆեյսբուքում» «լայք» է տվել իր կուսակցի՝ Արմեն Աշոտյանի առաջարկին:
Ի դեպ, հետաքրքիր գրառումներ են թողել նաև մի շարք օգտատերեր: Օրինակ ՝ Զորիկ Գալստյանը գրել է, թե. «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր» կարգախոսն էլ վատ չի հնչում»:
«Ժառանգություն» կուակցության համակիր Դավիթ Սանասարյանն էլ գրում է. «Ժառանգությունը էս «տռֆսների» մեջ չկա, Արմեն ջան, համ էլ տեղյակ չե՞ս Քոչարյանի լևոնականները մեզ մեղադրում են ձեր հետ գործարքի գնալու մեջ»:
Մեկ այլ օգտատեր Մանվել Հայրենատեր Կոստանդյանն էլ առաջարկում է.
«Տրակտորով առաջարկում եմ գնանք մուրաբա ուտելու, էդ լրիվ ուրիշ ա», ինչին ի պատասխան մեկ ուրիշը՝ Ալբերտ Ուսանյանը, հարցնում է, «Մանվել ջան, գուցե անշարժը շարժե՞նք»:









