Հայաստանում աշխատողների իրավունքները պաշտպանված չեն. Արթուր Սարգսյան
Աշխատանքի իրավունքի պաշտպանի հաշտարարի գրասենյակի նախագահ Արթուր Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ադրադառնալով Աշխատանքային օրենսգրքին, ասաց, որ Հայաստանում աշխատողի իրավունքները պաշտպանված չեն։
Արթուր Սարգսյանը նշեց, որ, ըստ օրենսգրքի, գործատուն իր աշխատողին աշխատանքից կարող է հեռացնել՝ նրան տալով 30-օրյա ժամկետ, իսկ աշխատողը աշխատանքից դուրս գալուց 30 օր առաջ պետք է այդ մասին տեղեկացնի գործատուին:
«Այսօր մեր երկիրն այնպիսին է, որ չենք կարող ասել, թե ինչ կլինի այդքան ժամանակում: Դա չափազանց մեծ թիվ է և անհավասարություն կա այստեղ: Աշխատանքային օրենսգրքում բացերը շատ են և մենք առաջիկայում պատրաստվում ենք զեկույց ներկայացնել կառավարությանը»,- ասաց նա:
Սարգսյանը նաև նշեց, որ ՀՀ աշխատանքային օրնեսգրքում մի կողմից շատ լավ հոդվածներ կան, մյուս կողմից էլ կան հոդվածներ, որոնցից պետք է ազատվել:
«Օրենսգիրքը բաղկացած է երեք գլխից և մեկը նվիրված է սոցիալական գործընկերային հարաբերություններին, որը մեր օրերում գործնականում տեղի չի ունենում: Այս օրենսգրքով պետությունը ձեռք է բերել մեծ իշխանություն գործատուների և արհմիությունների նկատմամբ, գործատուներն էլ մեծ իշխանություն ունեն աշխատողների նկատմամբ»,-ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանում աշխատողի իրավունքները պաշտպանված չեն:
Արթուր Սարգսյանին հակադարձեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, նշելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հաջողված է, պարզապես մարդկանց ավելի լավ իրազեկել է հարկավոր:
«Կան բուհեր, որոտեղ դասավանդվում են աշխատանքային օրենսգրքին վերաբերող դասընթացներ կամ որևէ առարկայի շրջանակներում ներկայացվոմ են դրա հոդվածները: Մեծ ձեռնարկություններում համապատասխան մասանգետներ կան, որոնք տեղեկացնում են աշխատանքային պայմանագրի կետերը, բացատրում օրենքները, սակայն նման մասնագետներ վարձելու հնարավորություն չունեն փոքր ձեռնարկությունները:
Գագիկ Մակարյանը, այդուհանդերձ, չհերքեց, որ աշխատանքային հարաբերություններում թերություններ կան թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտորում, որի մեղավորությունը երկկողմանի է: «Թերություններրի պատճառ է դառնում երիտասարդների ոչ բավարար պատրաստվածությունը: Երբեմն նրանք ուշանում են, դանդաղ են քայլում, չեն ուզում աշխատել այնքան, որքան անհրաժեշտ է»,-ասաց նա:









