Ջուլիան Ասանժը հաղորդում կվարի Russia Today հեռուստաալիքով

16:03 • 13.04.12

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստվում է իր ուժերը որպես հաղորդավար փորձել Russia Today հեռուստաալիքում, գրում է The Guardian-ը:

The World Tommorow հաղորդման շրջանականերում Ասանժը կհյուրընկալի քաղաքական գործիչների, արվեստագետների, հեղափոխականների և մտավորականների:

Անդրանիկ հաղորդման հեռարձակումը (ապրիլի 17) կհամընկնի Wikileaks կայքի ֆինանսական շրջափակման 500-րդ օրվա հետ: Ասանժն արդեն ավարտել է առաջին 12 հաղորդումների նկարահանումները:

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը այս առիթով նշել է. «RT-ի լսարանը կազմում են լայնախոհ մարդիկ ամբողջ աշխարհից, որոնց չի բավարարում միջազգային հիմնական լրատվամիջոցների առաջարկած տեղեկատվությունը:
Մենք շատ հպարտ ենք, որ Ասանժի հաղորդումը հեռարձակվելու է մեր հեռուստաալիքով և լիովին ազատություն ենք տվել նրան: Վստահ ենք, որ հենց Ասանժն է այն անձնավորությունն, ով իրավունք ունի այլընտրանքային կարծիքներ առաջարկել ամբողջ աշխարհի մեր հեռուստադիտողներին»:

Այժմ Ասանժը այլ հեռուստաալիքների հետ բանակցում է հաղորդման հեռարձակման արտոնագիր տրամադրելու հարցերը: