Պայքարել է պետք ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած երևույթի դեմ. փորձագետներ

17:36 • 13.04.12

Բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ, Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը նորմալ է համարում, երբ հասարակության մեջ կերտվում է թշնամու կերպարը:

«Դա թույլ է տալիս հակամարտության պայմաններում մոբիլիզացնել ուժերը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց նա և հավելեց, որ այդ երևույթը բոլոր երկրներում էլ առկա է, նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ, ըստ նրա, հասարակության մեջ թալիբների նկատմամբ բացահայտ ատելություն է սերմանվում:

Այս առումով՝ ոչ միայն նրա, այլ մեկ այլ բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի պայքարն ուղղված է ազգային սրբությունները ոտնահարող ցանկացած նախաձեռնության ու դրանց կազմակերպիչների դեմ: «Հայաստանն այն երկիրն է, ուր ամեն օր կարող է պատերազմ սկսվել: Կա ազգային շահ և պետք է այն հաշվի առնել»,-ասաց Տիգրան Քոչարյանը:

Փորձագետները վստահեցնում են, որ իրենց նախաձեռնությունը ոչ միայն ընդդեմ Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանի է, որը, ըստ նրանց, փորձում է կասկածելի հովանավորյալների միջոցով Հայաստանում կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, այլ, ընդհանրապես, ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած երևույթի:

Տիգրան Քոչարյանը տեղյակ է, որ «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացվել են ադրբեջանական, ինչպես նաև թուրքական ֆիլմեր, սակայն նա չի կարծում, որ, իր ձևակերպմամբ, քարոզչության նպատակով կազմակերպվող փառատոնը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում իրականացված ցուցադրությունները կարելի է համեմատել: «Թուրքիայի հետ սառեցված պատերազմում ենք, իսկ Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական լարված վիճակում։ Տարբերությունը հստակ է և շատ մեծ»,-ասաց նա:

Տիգրան Քոչարյանը միաժամանակ նկատեց, որ բոլոր դեպքերում, ինքն անձամբ դեմ է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնում թուրքական ֆիլմերի ցուցադրությանը: Իսկ օրինակ, երբ Կոմիտասի անվան երաժշտական տանը փորձ արվեց անցկացնել թուրքական և ադրբեջանական երաժշտության միջոցառում, իրենք կրկին այն տապալեցին:
Բլոգեր Քոչարյանն այն համոզմանն է, որ պետք է պայքարել նաև թուրքական ապրանքների, երաժշտության դեմ, ինչը և իրենք անում են, սակայն, այդ ամենը պետք է իրականացնել փուլ առ փուլ ու չեն ցանկանում այս բոլոր խնդիրները մեկ համատեքստում ներկայացնել:

Վերջինս նաև նկատում է, որ կան մի խումբ մարդիկ, ովքեր ցեխ են շպրտում Հայոց բանակի հասցեին, «նույն խումբը նաև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է իր քննադատություններն ուղղում, կամ նույն ոգևորությամբ՝ մոլեռանդություն տարածում»:

Տիգրան Քոչարյանն անարդար է համարում խոսքի ազատությունը՝ որպես պատճառաբանություն բերելը, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, որ պետք է դա հաշվի առնել, մանավանդ երբ այն ամենևին էլ միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ խոսքի ազատություն քարոզող Արևմուտքի երկրներում: