ԱՄՆ-ի Նյուարք քաղաքի քաղաքապետը, կյանքը վտանգելով, այրվող տնից մարդ է փրկել
Օրինակելի քաղաքացու վարք է ցուցաբերել ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի քաղաքապետ Քորի Բուքերը, ով այրվող տնից մի կնոջ է դուրս բերել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Տեղի ԶԼՄ-ների այսօրվա հաղորդմամբ, քաղաքապետը հինգշաբթի գիշերը տուն վերադառնալիս նկատել է, որ հարևան տներից մեկը հրդեհվում է: Չսպասելով հրշեջների ժամանմանը՝ Բուքերը իր երկու թիկնապահների հետ այրվող տան բնակիչներին տարհանել է: Տան երկրորդ հարկից օգնության ճիչ լսելով՝ քաղաքապետը նետվել է կրակի մեջ և հրդեհի ճիրաններում հայտնված կնոջը փողոց է դուրս բերել, որտեղ արդեն փրկարարներն էին սպասում:
Քաղաքի ղեկավարը նույնպես տուժել է և հիվանդանոց է տարվել ձեռքերի 2-րդ աստիճանի այրվածքներով և ածխաթթու գազից թունավորմամբ: Մի քանի ժամ անց Բուքերը դուրս է գրվել և այսօր առավոտյան անցել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը:
Փրկված կինը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է գնահատվում։









