Հայաստանում սրտամկանային ինֆարկտի դեպքերը չեն ավելացել. մասնագետ
Հայաստանում սրտամկանային ինֆարկտի դեպքեր չեն ավելացել, պարզապես կլինիկայի ծանրաբեռնավածությունն է շատացել, քանի որ մարդիկ այսօր ավելի շատ են դիմում բժիշկների, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչ Համլետ Հայրապետյանը:
ՀՀ Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանն իր հերթին նշեց, որ 2009-2010 թթ. հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության 10%-ի մոտ առկա է արյան բարձր ճնշում:
Բացի այդ, նա նշեց, որ սրտանոթային հիվանդություների պատճառ է նաև ֆիզիկական ոչ ակտիվ կյանք վարելը: «Շարժունակության պակասի հետևանքով առաջանում են ավելորդ քաշի խնդիրներ։ Բացի այդ, նաև պատճառ է ոչ ճիշտ սննդակարգին հետևելը, արյան խոլիստերինի բարձ մակարդակը»,- ասաց նա:
Համլետ Հայրապետյանը նշեց, որ բաց եղանակով սրտի վիրահատությունը Էրեբունի ԲԿ-ում արժե 2 մլն դրամ, սակայն նա համաձայն չէ լրագրողների այն պնդմանը, թե բժիշկները մինչև գումար չեն ստանում, վիրահատություն չեն կատարում:
«Եթե հիվանդի մոտ խիստ ցուցումներ են լինում, սակայն նա ֆինանսապես անպահով է, ապա մենք կատարում ենք որոշակի զեղչեր, երբեմն նաև լուրջ զեղչեր, վերջին անգամ նույնիսկ կատարվել է միանգամայն անվճար բուժօգնություն»,- ասաց նա և ավելացրեց, որ վիրահատությունը միայն բժիշկներից չի կախված. դրանք ավելի մեծ ծախսեր են պահանջում:
Բժիշկը նկատեց, որ մեր երկիրը պատրաստ չէ հոգալ սրտի բաց վիրահատության ծախսերը, սակայն հույս հայտնեց, որ առաջիկայում հասարակության մեջ նույնպես կտարածվի բժշկական ապահովագրության մեթոդը:
Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ սրտանոթային հիվանդություների 80%–ը հնարավոր է կանխարգելել կամ հետաձգել, եթե մարդիկ առողջ կենսակերպ վարեն։
«Դրա մեջ է մտնում նաև առողջ սնունդ, աղի սահմանափակում, ճարպոտ սննդի սահմանափակում»,- ասաց նա:









