«Տիտանիկ 3D»-ից մերկ Ուինսլեթի հատվածը հանվել է, որ չինացիները «ձեռք չտան»
Չինաստանի ռադիո, կինո և հեռուստաընկերության պետական վարչությունը 3D ձևաչափով «Տիտանիկ» ֆիլմից դուրս է բերել այն հատվածը, որտեղ Լեոնարդո դի Կապրիոն նկարում է մերկ Քեյթ Ուինսլեթի նկարը, հայտնում է Los Angeles Times-ը:
Այդ քայլն արվել է, որպեսզի հանդիսատեսը չփորձի շոշափել դերասանուհուն ու չխանգարի մյուս կինոդիտողներին:
«Քանի որ 3D էֆեկտներն արվել են իրականությանը շատ մոտ, մենք մտավախություն ունեինք, որ հանդիսատեսից ոմանք կսկսեն ձեռք տալ նրան, իսկ դա կխանգարի մյուսներին ֆիլմի հանգիստ դիտմանը»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ:
«Ես դրան (ֆիլմին) սպասել եմ մոտ 15 տարի, սակայն հաստատ ոչ միայն սառցալեռների համար»,- ասել է հիասթափված մի չինացի:
Ջեյմս Քեմերոնի ֆիլմի 3D տարբերակի վարձույթը մեկ շաբաթում հավաքել է 35 մլն դոլար:










