Հայերը ստիպված են եղել լքել իրենց տները. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

13:28 • 13.04.12

19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին մեզ հետ համատեղ ապրող հարյուրավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տները և դա հիշել է պետք. «Ցավը կիսելու և վերքերը բուժելու առաջին քայլ» անվանումով գիտաժողովի ընթացքում ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» օրաթերթը, նա ընդգծել է, որ Թուրքիայում ապրող ցանկացած մարդու համար դժվար է առերեսվելն այս իրականության հետ, սակայն պետք է ընդունել, որ երկու ժողովուրդներն ընդհանուր ցավեր ունեն:
Նա կարևորել է նաև ընդհանուր վերքերը բուժելուն ուղղված քայլերի ակտիվացումը:

«Պատերազմի ընթացքում Անատոլիան մեծ ողբերգությունների ականատես է եղել: Ներքին ճնշումների պատճառով հայերը ստիպված են եղել լքել իրենց տները: Դա ընդունել է պետք: Օսմանյան կայսրության տարիներին, ինչպես ցանկացած կայսրությունում, պատերազմները ժամանակ առ ժամանակ կոտորածների, աքսորի ու տեղահանությունների պատճառ են եղել: Այդ պատճառով մարդիկ ցավ են ապրել և հանրության մեջ տարբեր արձագանքեր են եղել: Մենք նախընտրել ենք մոռանալ այդ ցավերը: Անատոլիայում տեղի ունեցած իրադարձությունները մեր սրտերում ենք թաղել: Նոր սկզբի համար ամենապրագմատիկ լուծումն անցյալից կառչած չմնալն է: Ցավերը զայրույթ են ծնում, զայրույթը` ատելություն, իսկ ատելությունը վրեժխնդրություն: Հենց այդ պատճառով անցյալի ցավերը փորփրելը որևէ մեկին օգուտ չի տա»,- ասել է թուրքական խորհրդարանի խոսնակը:

Նա նաև հայտարարել է, որ այդ ցավերից դասեր քաղել է պետք և պայքարել, որ այլևս չկրկնվեն:

«Պետք է չմոռանալ, որ ցավերը խառնողները միջազգային շահեր են հետապնդում: Այսօր մենք պետք է աշխատենք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի իրադարձությունների նման դեպքերի կրկնությունը կանխելու ուղղությամբ»,- ասել է Չիչեքը: