Հայաստանում կան նաև 15 տարեկան կոմունիստներ
Հայաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևը բաղկացած է 800-1200 երիտասարդներից, որոնց մեջ կան նաև 15 տարեկաններ:
Երիտասարդների հարցերով կենտկոմի քարտուղար Երջանիկ Ղազարյանը այս թվի տատանումը բացատրում է հետևյալ կերպ.«Երիտասարդների թվի տատանումը կապված է նրա հետ, որ շատերը գաղթում են երկրից: Հատկապես այս եղանակին արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծանում է: Նրանց մի մասը նաև ծառայում է բանակում»։
Երջանիկ Ղազարյանը նաև ասաց, որ կոմկուսի երիտթևում ընդգրկված 15-ից մինչև 30 տարեկան երիտասարդներ:
«Ընդհանրապես կարող են ընդգրկվել մինչև 27-28 տարեկանները, բայց մենք համագործակցում ենք նաև 30 տարեկանների հետ»,- ասաց նա:
Երջանիկ Ղազարյանը, թեև գլխավորում է կուսակցության երիտասարդական թևը, սակայն 42 տարեկան է: Tert.am-ի հարցին, թե արդյոք առաջնորդի տարիքը չպետք է համապատասխանի երիտասարդ համարվող տարիքային խմբում, նա պատասխանեց. «Ղեկավարը կարող է լինել 35-ից բարձր, բայց անդամները ոչ: Դա թույլատրվում է: Այդպես է եղել սովետական ժամանակաշրջանում»,- ասաց նա:
Երջանիկ Ղազարյանը նաև նշեց, որ կոմունիստ երիտասարդները մյուսներից տարբերվում են միայն այն գաղափարախոսությամբ, որը սերմանում է նրանց մեջ Կոմունիստական կուսակցությունը, այն է՝ սոցիալիստական գաղափարախոսությունը:









