Մոսկվայում կովկասցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Մոսկվայի Բոլշայա Դորոգոմիլովսկայա փողոցում երեկ` ժամը 18.28 րոպեին, 5 կովկասցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության` 4 կովկասցիները սկզբում ծեծի են ենթարկել 5-րդին, այնուհետև նրա վրա կրակել տրավմատիկ զենքից:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ծառայողական զենքից նախազգուշացնող կրակ են արձակել, ինչից հետո ծեծկռտուքի մասնակիցները, այդ թվում` տուժողը, փախուստի են դիմել: Սակայն 15 րոպե անց չարագործների մեքենան հայտնաբերվել է մոտակա փողոցներից մեկում:
Մեկ ժամ անց հիվանդանոցից ոստիկանություն տեղեկություն է ստացվել ոտքի և դեմքի շրջանում տրավմատիկ զենքից հրազենային վնասվածքով հիվանդի մասին: Պարզվել է, որ նա 1982թ.-ին ծնված Ինգուշեթիայի բնակիչ է:
Տուժողը հայտնել է ոստիկաններին, որ չի ճանաչում չարագործներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հարուցվել է քրեական գործ` «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով: Կին ոստիկանի զենքի օգտագործման իրավաչափությունը կպարզվի ծառայողական քննության ժամանակ:









