Ալիզադեն Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոն կանցկացնի

14:05 • 13.04.12

Ադրբեջանցի քաղաքագետ, վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել:

«Այո, ես Ադրբեջանում հայկական ֆիլմերի ցուցադրության փառատոնի նախաձեռնությամբ եմ հանդես եկել և չեմ վախենում վայ-հայրենասերներից: 2010 թ.-ի աշնանը Գեորգի Վանյանը, ում ես շատ խիզախ մարդ եմ համարում, փորձեց Երևանում թուրքական և ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել, սակայն այդ ժամանակ որոշ վայ-հայրենասերներ տապալեցին այն: Վանյանն ու իր ընտանիքի անդամները վտանգավոր իրավիճակում հայտնվեցին»,-հայտարարել է Ալիաձեն:

Ինչպես տեղեկացնում է vesti.az-ը, նա նշել է, որ ինքը երեք օր առաջ է իմացել, որ Գեորգին մտադիր է Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել:

«Նրա այդ ազնիվ նախաձեռնությունը հարգանքի և գովասանքի է արժանի: Ցավոք, նրան դարձյալ խանգարեցին»,- ասել է Ալիզադեն:

Ալիզադեի խոսքերով` իրական արվեստը ծառայում է բարությանը, հումանիզմին, ազգերի մերձեցմանը: Հենց այդ պատճառով էլ ցանկանում է կրկնել Վանյանի նախաձեռնությունն Ադրբեջանում:

«Ես դիմեցի Գեորգիին` ինձ տրամադրելու իր ճաշակով հայկական մի քանի ֆիլմեր` օրինակ` մեկ փաստագրական և 3 գեղարվեստական»,- պատմել է նա:

Նա նշել է, որ հայկական ընդամենը մեկ ֆիլմ է տեսել, այդ պատճառով էլ դիմել է Վանյանին:

«Եթե նա ուղարկի ինձ այդ ֆիլմերը, ապա ես Բաքվում կկազմակերպեմ հայկական ֆիլմերի փառատոն` անկախ այն հանգամանքից` Հայաստանում ադրբեջանական փառատոն կանցկացվի, թե ոչ: Կարծում եմ, եթե ադրբեջանական ֆիլմերը ցուցադրվեին Հայաստանում, հայերը կտեսնեին, որ ադրբեջանցիներն արնախում չեն, ինչպես ներկայացնում են իրենց:

Նա պնդել է, որ հայերն արդեն հետաքրքրվում են իրենց ֆիլմերով և «նեղ շրջանակներում» դիտումներ են կազմակերպում:

Քաղաքագետը ցանկանում է փառատոնն անցկացնել «Ադրբեջան» կինոթատրոնում, սակայն տապալման դեպքում ցուցադրությունը կկազմակերպի իր բնակարանում:

«Որևէ մեկը կկարողանա՞ ինձ արգելել: Ցանկացողները կգան և կդիտեն», - ասել է Ալիզադեն:

Նա նաև պատրաստում է հայկական ֆիլմերի ադրբեջաներենով թարգմանություն կազմակերպել: