Ռազմական հեղաշրջում Գվինեա-Բիսաուում. զինվորականները գրավել են մայրաքաղաքը
Գվինեա-Բիսաուի զինվորականները, որոնք երեկ երեկոյան գրավել էին պետական հեռուստաընկերությունն ու մայրաքաղաք Բիսաուի գլխավոր թաղամասերը, հայտարարել են իշխանությունը գրավելու մասին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Նախագահի թեկնածուներից մեկի` Կառլոս Գոմեսի նստավայրը ենթարկվել է ռմբակոծության և մասամբ այրվել: Լուրեր են շրջանառվում, թե Գոմեսը զոհվել է, սակայն այս տեղեկությունը ճշտել անհնար է, քանի որ լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ նստավայրին:
Քաղաքի հիմնական փողոցները փակ են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Զինվորական անանուն մի աղբյուր հայտնել է մի քանի քաղաքական գործիչների` այդ թվում երկրի ժամանակավոր նախագահ Ռայմունդու Պերեյրայի ձերբակալության մասին:
Ապրիլի 29-ին երկրում պետք է անցկացվեր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ պետք է մրցեին վարչապետ Կառլուշ Գոմեշն ու ընդդիմադիր թեկնածու, նախկին նախագահ Կումբա Յալան, ով, սակայն, կոչ է արել բոյկոտել ընտրությունները` առաջին փուլում կատարված խախտումների պատճառով:









