Ազգային փոքրամասնությունների համար անհավասար պայմաններ են ստեղծվել. Հրանուշ Խառատյան
«Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքը` մայրենի լեզվով վարչական մարմիններին դիմումներ ներկայացնելը, դեռ չի գործում»: Այսօր այս մասին ասաց «Հազարաշեն» հասարակական կազմակերպության նախագահ Հրանուշ Խառատյանը՝ «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ:
«Տևական ժամանակ քննարկվել է այս հարցը, բայց մինչ այսօր այդ պրոբլեմը կա, ինձ դիմում են, որ թարգմանչի օգնությանը դիմեն կամ վարչական մարմինն ընդունի և պատասխանի: Սրանով արդեն՝ մեր պետական լեզուն չիմացողներին դնում ենք անհավասար պայմանների մեջ »,– ասաց Հրանուշ Խառատյանը:
Նա նաև նկատեց, որ չնայած Հայաստանում կա ազգային փոքրամասնությունների մասին մշակված օրենք և ՀՀ-ն միացել է փոքրամասնություններին վերաբերող միջազգային կոնվենցիաներին, սակայն դեռ մի շարք խնդիրներ առկա են :
«Կոնվենցիաներում կան դրույթներ, որոնք հստակ իրավաբանական լուծումներ չունեն, անգամ հակասություններ կան, որոնք գործնականում կիրառելիս՝ խնդիրներ են առաջանում: Օրինակ,գրված է՝ «փոքրամասնության լեզուն». ո՞ր փոքրամասնության՝ լեզվակա՞ն, թե՞ ազգային: Ունենք լեզվական փոքրամասնություն, և նրանք իրավունք ունեն իրենց իմացած լեզվով դիմումներ ներկայացնել վարչական մարմիններին»,- ասաց Խառատյանը:
Ըստ նրա, խնդիրներ են ծագում նաև այն պատճառով, որ փոքրամասնությունների առաջնորդները լավ տեղեկացված չեն սեփական իրավունքների մասին:









