Լարվածություն Թեհրանի և Աբու-Դաբիի միջև. արաբ դեսպանը հետ է կանչվել Իրանից
Միացյալ արաբական Էմիրությունները հետ են կանչել Թեհրանում դեսպանին խորհրդակցությունների համար, այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Ահմադինեժադը «կոպտորեն խախտել» է երկրի սուվերենությունը (ինքնիշխանությունը)՝ այցելելով Պարսից ծոցում գտնվող Աբու Մուսա կղզի, որի պատկանելությունը վիճարկում են երկու երկրները:
IRNA իրանական պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ չորեքշաբթի Ահմադինեջադը այցելել է Աբու Մուսա կղզին, որը գտնվում է ՄԱԷ-ից 60 կմ (40 մղոն) հեռավորության վրա՝ երկրի` Ծոցի ափամերձ հատված շրջագայության շրջանակներում:
Նշենք, որ Աբու Մուսան և 2 այլ փոքր կղզիներ վեճի թեմա են երկու երկրների միջև: Մինչև 1971 թ կղզիները գտնվում էին Իրանի տիրապետության տակ, այնուհետև յոթ Ծոցի 7 Էմիրությունները Բրիտանիայից ստացան անկախություն և ձևավորեցին ՄԱԷ-ն:
«Ահմադինեժադի այցը Միացյալ արաբական էմիրությունների ինքնիշխանության կոպիտ խախտում է, ինչպես նաև Իրանի կողմից 3 կղզիների օկուպացիայի վերացմանն ուղղված խաղաղ կարգավորման ջանքերի ոտնահարում», - հայտարարել է ՄԱԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլա Բին Զայեդ ալ-Նահայանը:
Ահմադինեջադի այցը նա որակել է, որպես «սադրիչ»:
Տեղեկացվում է, որ հետաձգվել է նույնիսկ ՄԱԷ-ի ու Իրանի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը:
Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը հակադարձել է արաբական պետության մեղադրանքներն ու շեշտել, որ Ահմադինեջադի այցը «Իրանի ներքին գործն է»: Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Թեհրանը վճռական է երկկողմ հարաբերությունները բարելավելու հարցում և պատրաստ է երկխոսության` «հնարավոր թյուրըմբռնումները» կարգավորելու համար:
ՄԱԷ-ն կոչ է արել Թեհրանին համաձայնել հարցը տեղափոխել Հաագայի միջազգային դատարան կամ ուղղակի բանակցություններ սկսել:
Իրանը պնդում է, որ իր գերիշխանությունը կղզիների վրա քննարկման ենթակա չէ, բայց կոչ է արել ՄԱԷ-ին բանակցել՝ «թյուրիմացությունները» պարզելու համար:









