ԱՄՆ նախագահի նախագծած առանձնատունը հանվել է վաճառքի
ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի` 1813թ.-ին նախագծած առանձնատունը, որը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Լեբանոն քաղաքում, հանվել է վաճառքի, հայտնում է Realtor պորտալը: Այն վաճառվում է 996 հազ դոլարով:
Millstream House կոչվող առանձնատան ընդհանուր մակերեսը գերազանցում է 540 ք/մ-ը: Այն ունի 5 ննջասենյակ, 4 լոգասենյակ, հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, 2 բուխարի և գրադարան: Իսկ առանձնատան հարակից տարածքում (4.8 հա) կա հյուրատուն, 2 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, պարտեզ, որի միջով գետ է հոսում: Վերջին ժամանակներում այն օգտագործվում էր որպես հյուրանոց:
Ջեֆերսոնը Millstream House-ը նախագծել էր կրոնական գործիչ Ջոն Բախմանի պատվերով:
Սա ԱՄՆ երրորդ նախագահի միակ նախագծած տունը չէ: Նա նախագծել է նաև Մոնտիչելոյի իր տունը, որն ընդգրկված է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Թոմաս Ջեֆերսոնը նախագահել է 1801-1809 թթ.-ին:









