Տղամարդկանց մուտքն արգելվում է. Քենիայում ստեղծվել է բռնաբարված կանանց գյուղ
Քենիայի հյուսիսային Սամբուրու շրջանում սեռական շահագործման և բռնաբարության զոհ դարձած կանայք ստեղծել են իրենց գյուղը` Ումոջան, հայտնում է «Ալ Արաբիա»-ն:
Գյուղի անվանումը թարգմանաբար նշանակում է միասնություն:
Այն հիմնվել է 15 կանանց կողմից ովքեր ցանկացել են ազատվել տղամարդկանց շահագործումից և ֆինանսական անկախություն ձեռք բերել:
Գյուղի բնակիչները մեծ հաջողությունների են հասել և, շեշտում են, որ սեռական շահագործման կամ խտրականությունների ենթարկված ցանկացած կին կարող է այստեղ բնակություն հասատատել: Գյուղի բնակչուհիների թվում կան նաև այրիներ, ովքեր վատ վերաբերմունքի են արժանացել իրենց համայնքներում ամուսինների մահից հետո:
Կանայք իրենց ապրուստի գումարը գոյանում է հիմնականում ձեռագործ իրերի վաճառքից, իսկ ստացված ողջ հասույթն օգտագործվում է գյուղի կարիքները հոգալու համար: Գյուղում գործում է բուժկետ և դպրոց, որտեղ անգրագետ կանայք սովորում են կարդալ և գրել:
Ումոջան ղեկավարվում է կանաց սահմանված օրենքներով: Գյուղի կանոնադրության համաձայն տղամարդկանց մուտքն այստեղ արգելվում է, իսկ բոլոր կանանց նկատմամբ հավասար վերաբերմունք է ցուցաբերվում: Ումոջայի մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով կանայք պարտավոր են կրել ազգային զգեստներ և արդուզարդի պարագաներ: Հակառակ սեռի ներկայացուցիչ գյուղում կարող է բնակվել միայն, եթե նա տեղացի կնոջ զավակ է:
Ումոջայի բնակչուհիներին չի արգելվում ամուսնանալ և ընտանիք կազմել, սակայն պայմանով, որ ամուսնությունը պետք է հարկադիր չլինի, իսկ կինը պետք է վստահ լինի, որ ապագա ամուսինն իր իրավունքները չի ոտնահարի և բռնությունների չի ենթարկի:









