«Քվոտավորում» ասվածը՝ հիմարություն է և աբսուրդ. Խաչիկ Գալստյան
«Նախընտրական շրջանում ԲՀԿ–ական փոխմարզպետների, փոխքաղաքապետների, բոլոր՝ ի պաշտոնե համայնքի ղեկավարների, տեղակալների վերադասները ոչ թե նրանց անմիջական ղեկավարներն են, այլ կուսակցության ղեկավար մարմինները և նախագահը»:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ մեկնաբանելով մամուլի այն տեղեկատվությունը, որ տարբեր համայնքներում, որտեղ համայնքապետերը ՀՀԿ-ականներ են, ԲՀԿ շտաբի պետեր են նշանակվում նրանց տեղակալները, որպեսզի քվեարկության ընթացքը և ձայների բաշխումը լինեն «արդարաբար»: Ըստ այդմ էլ որոշված է՝ 35 տոկոս ձայն ՀՀԿ-ին, 25 տոկոսը` ԲՀԿ-ին, իսկ մնացածը` մյուսներին:
Խաչիկ Գալստյանն ի պատասխան Tert.am-ի այն հարցին, թե՝ այս կերպ, փաստացի տեղի է ունենում քվոտավորում, որն առկա է պետական կառավարման համակարգում, այսինքն` այնտեղ, որտեղ ՀՀԿ-ական նախարարներ կամ մարզպետներ են, նրանց տեղակալները ԲՀԿ-ական են և հակառակը, ասաց. «Մենք նշանակել ենք կուսակցության տարածքային մարմինների պատասխանատուներին: Օրինակ, եթե Լոռու մարզի փոխմարզպետը՝ Էդիկ Կարախանյանը, մեր կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարն է, ու եթե նրան շտաբի պետ ենք նշանակում, դա եղավ «քվոտավորու՞մ»,- պատասխանեց Խաչիկ Գալստյանը, ով «աբսուրդ» և «հիմարություն» է համարում այս մասին հեռուն գնացող մեկնաբանությունները:









