Լոնդոնում արգելել են «հոմոֆոբ» գովազդը, քրիստոնյաներն արգելքը գրաքննություն են որակել

22:49 • 13.04.12

Միացյալ Թագավորության մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ղեկավարությունը արգելել է ավտոբուսների վրա «հոմոֆոբ» գովազդ փակցնել, Մեծ Բրիտանիայի քրիստոնեական կազմակերպությունները այդ որոշման դեմ են հանդես եկել, և նման որոշումը գրաքննություն են համարում, հաղորդում է Газета.Ru պարբերականը:

Core Issues Trust քրիստոնեական կազմակերպության նախաձեռնած գովազդում ասվում էր, որ հոմոսեքսուալիզմը հիվանդություն է, որը պետք է բուժել: Կարգախոսներ էլ էին հորինվել. «Հոմոսեքսուալ չեմ: Հոմոսեքսուալ էի անցյալում, նախկին հոմոսեքսուալ եմ և հպարտ եմ դրանով: Ժամանակն է համակերպվելու դրա հետ»: Կազմակերպությունը որոշել էր դրանք երկու շաբաթով տեղադրել Լոնդոնի ամենաբանուկ երթուղիներով անցնող ավտոբուսների վրա, որոնք նաև ներառում են հայտնի տեսարժան վայրերին` Սուրբ Պողոսի Տաճարին, Տրաֆալգարյան հրապարակին, Պիկադելի կրկեսին և Օքսֆորդ փողոցին մոտ գտնվող կանգառները:

Ակցիան հասարակական հնչեղություն էր ստացել, որից հետո տրանսպորտի վարչությունը որոշել էր գովազդը չտեղադրել:

Իշխանությունները համարում են, որ այդ գովազդը տոլերանտ և խտրականություն չհանդուրժող Լոնդոնի ոգուն համահունչ չէ:

«Վիրավորական է հոմոսեքսուալիզմը համեմատել մի հիվանդության հետ, որից կարելի է բուժվել», - հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:

Core Issues Trust քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչները այդ որոշումը գրաքննություն են անվանել:

«Ես չէի գիտակցում, որ մինչ այժմ մեր երկրում գրաքննություն կա», - ասել է կազմակերպության ղեկավարներից Մայք Դևիդսոնը:

Նրա խոսքով, գովազդային միջոցառման անցկացումը ճիշտ կերպով էր կազմակերպված և համապատասխանում էր բոլոր այն պահանջներին, որոնք ներկայացվել էին ավտոբուսային ընկերության կողմից: