Երևանում անցկացվեց Մարաղայում հայերի սպանդի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառում

14:03 • 13.04.12

Ադրբեջանական ԽՍՀ փախստականների համագումարն այսօր Ամերիկայի հայկական ասամբլեայի դահլիճում կազմակերպել էր «Մարաղայից Նոր Մարաղա և Բաքվից Բագարան» խորագրով միջոցառում՝ նվիրված ադրբեջանցիների կողմից Մարաղա գյուղում իրագործված հայերի սպանդի 20-րդ տարելիցին։

Միջոցառման նպատակն էր հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնել Մարաղայի սպանդի մասին։
Ադրբեջանական ԽՍՀ փախստականների համագումարի նախագահության ներկայացուցիչ Սուսան Մելիքյանը ներկայացրեց, Մարաղայի դեպքերի մանրամասնություները։ Մասնավորապես, նա նշեց, որ Ադրբեջանի նպատակն է եղել էթնիկ զտումներ իրագործել, և Մարաղան դրա վառ օրինակներից մեկն էր։ Սակայն հայերը չհանաջեցին և ստեղծեցին Նոր Մարաղա, որտեղ վերաբնակեցվեցին Մարաղայի սպանդից մազապուրծ եղածները:

Ըստ նրա՝ «Մարաղայի» հետևանքը եղավ պարտադրված պատերազմը, տարածաշրջանի անկայունությունը և ժողովուրդների ողբերգությունը:

«Ժամանակն է, որ հայկական քաղաքական և իշխանական շրջանակաները արմատապես վերանայեն տարածաշրջանի կոնֆլիկտի կարգավորման սկզբունքների գոյություն ունեցող կարծրատիպերը, հրաժարվեն Ադրբեջանին որևէ տարածք վերադարձնելուց: Եվ քանի որ փախստականները չեն կարող վերադառնալ Բաքու, նրանք կարող են վերադառնալ Բագարան»,- ասաց նա և ավելացրեց, որ Մարաղայի փոխարեն պետք է հիմնվի Նոր Մարաղա:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով1995-2004թթ. ՀՀ գերագույն խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ է եղել, հիշեցրեց, գյուղը տարբերվել է մյուսներից իր մեծությամբ և Ղարաբաղի միակ գյուղն է, որ գտնվել է հարթ տարածության վրա:

«Իսկ ավելի մեծ կոտորած գյուղում նրանք իրականացրել են ապրիլի 24-ին: Մենք չենք լռում դեպքերի մասին: Մենք ունենք փաստեր դեպքերի մասին: Պետք է նշեմ, որ Մարաղան հազվադեպ գյուղ է: Միայն հասարակական կազմակերպությունների միջոցով է անդրադարձ եղել այս դեպքերին»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը նաև ավելացրեց, որ 2009-ին փոփոխություն մտցվեց Հայատանի քաղաքականության մեջ և հասարակությունը տեղեկացավ այդ շարունակական ցեղասպանության մասին:

Պատգամավորը ցավով նշեց, որ ցանկացած գրագետ մարդ տեղյակ է Խոջալուի դեպքերից, բայց Մարաղայի մասին չեն լսել: «Մենք պետք է հանրությանը տեղեկացնենք այդ դեպքի մասին: Պետք է կարողանանք տալ իրավական ընթացք, քանի որ եթե մենք միայն խոսենք ու ցուցադրենք, մենք չենք կարողանա կանխել Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականությունը»,- ասաց նա:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ, որտեղ գյուղի նախկին բնակիչները պատմում էին, թե ինչպես քսան տարի առաջ ապրիլյան այս օրերին Ադրբեջանն ինչպես է սպանդ իրականացրել Մարաղայում: