Մեկոտանի միլիոնատերը Rolex ժամացույցով ծեծի է ենթարկել ռուս կնոջը

11:59 • 13.04.12

Ռուսաստանի բնակչուհի Սոֆիա Կանդելակին հայց է ներկայացրել մեկոտանի միլիոնատեր Թոմաս Հարթմանի դեմ` իրեն Rolex ոսկյա ժամացույցով ծեծի ենթարկելու համար, և պահանջում է 10 մլն դոլար փոխհատուցում:

New York Post-ի հաղորդմամբ` կինը պատմել է իրավապահներին, որ մինչ միջադեպը, ծանոթ չի եղել Հարթմանի հետ: Կանդելակիի խոսքով` նա ծեծի է ենթարկվել Նյու Յորքի ռեստորաններից մեկում, որն այցելել էր ընկերուհու հետ:

«Անծանոթ տղամարդը սկսեց անհանգստացնել ինձ: Ես ուշադրություն չէի դարձնում, սակայն նա շարունակում էր սիրահետել ինձ: Նա ագրեսիվ էր տրամադրված, նրա սեքսուալ էներգիան բառացիորեն թափվում էր ինձ վրա: Նա ինձ վրա փողեր նետեց, ես դրանք հետ նետեցի, ինչից հետո նա հարձակվեց վրաս»,- պատմել է Սոֆիան:

Կինը պատմել է, որ իրեն «նեղացնողը» հարբած է եղել, քաշքշել է իր մազերից ու հարվածներ հասցրել, որոնց հետևանքով մոտ 15 սանտիմետրանոց սպի է մնացել կնոջ դեմքին:

Կանդելակիին ծեծելու համար դեռ փետրվարին դատարանը տղամարդուն 60-օրյա ազատազրկման էր դատապարտել, սակայն նա բանտում անցկացրել էր ընդամենը 35 օր: Այժմ կինը որոշել է դատական կարգով նյութական փոխհատուցում պահանջել, երբ իմացել է, որ տարիներ առաջ միլիոնատերն է փոխհատուցում պահանջել իրեն «նեղացնող» ոստիկանից:

2004թ.-ին ոստիկանը Հարթմանին ձերբակալելու համար իր մեքենայով հարվածել էր տղամարդու մեքենային: Նա ոստիկանից պահանջել էր տարբեր գնահատականներով 15-19.6 մլն դոլար փոխհատուցում, քանի որ վթարի արդյունքում զրկվել էր մեկ ոտքից: Միջադեպից հետո, նախկին շինարարը դարձել է միլիոնատեր: