Հպարտ եմ, որ գտնվում եմ Վազգեն Սարգսյանի հարազատ քաղաքում. Սերժ Սարգսյան

18:23 • 13.04.12

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպեց Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչների հետ:

Հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում: Մինչ ելույթ ունենալը, նախագահ Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով Սպարապետի հիշատակին:

«Ես այսօր հպարտ եմ, որ գտնվում եմ Վազգեն Սարգսյանի հարազատ քաղաքում: Սիրելի հայրենակիցներ, դուք, որ Վազգենի քույրերն ու եղբայրներն եք, շատ լավ տեսել եք մեր կատարած աշխատանքն ու այն ձգտումը, որ մենք ունենք»,- իր ելույթում ասաց նախագահը:

Արարատը ոչ միայն Վազգեն Սարգսյանի, այլև անվանի գրող Պարույր Սևակի ծննդավայրն է, և նախագահը Սևակի խոսքերով էլ դիմեց արարատցիներին. «Մենք եղել ենք, կանք ու պետք է շատանանք», և այս սկզբունքով Արարատ քաղաքը յուրահատուկ առավելություն ունի, այստեղ ծնելիության մակարդակը գոհացուցիչ է նախորդ տաս տարիների կտրվածքով»:
ՀՀԿ առաջնորդը կոչ արեց, որ արարատցիները վստահեն իրենց և մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ձայն տան իշխող կուսակցությանը, որպեսզի սկսած գործը կարողանան շարունակել:

«Մենք կարողանալու ենք կատարել մեր առջև դրված խնդիրները, իսկ հավատալ՝ չի նշանակում խաբվել: Շատերը կգան և կասեն, որ մի քանի ամսում երկիրը շատ լավ կսկսի ապրել, սակայն այդ խոստումներին հավատալ պետք չէ»,- ասաց ՀՀԿ առաջնորդը:

Արարատ քաղաքում ՀՀ նախագահին դիմավորողների շարքում էր նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը` անկուսակցական Արմեն Սարգսյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը աջակցում է միայն իր եղբոր ընկերներին:
«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես դրանից, պարզապես, չեմ էլ հասկանում, ես եկել եմ տեսնելու և աջակցելու իմ եղբոր ընկերներին»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Tert.am-ի հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ վերջինիս մյուս եղբայրը`«Հանրապետություն» կուսկացության առաջնորդ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Սարգսյանն առաջնորդվում է քաղաքական այլ գաղափարներով և քաղաքական այլ ուժի է հարում, Արմեն Սարգսյանն ասաց. «Ես շատ լավ ընկերներ ունեմ թե՛ ՀԱԿ-ում, թե՛ ՀՀԿ-ում, և ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և ընտրությունների ժամանակ էլ չեմ զբաղվելու, քանի որ, կրկնում եմ, դրանից չեմ հասկանում»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը: