Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին խնդրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

20:30 • 13.04.12

Ուկրաինայի մայրաքաղաքում՝ Українські Новини գործակալության մամուլի կենտրոնում, «Հայոց ցեղասպանությունը. անպատժելիությունը ռեցիդիվ (կրկնահանցանք) է դառնում» խորագրով կլոր սեղան է տեղի ունեցել: Որպես միջոցառման նախաձեռնող՝ հանդես է եկել Ուկրաինայի թոշակառուների կուսակցության ղեկավար Արամ Պետրոսյանը: Այս մասին հաղորդում է Anatitika.at.ua կայքը:

Կլոր սեղանին ներկա են եղել ուկրանացի հայտնի քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, քաղաքական և հասարակական գործիչներ և կազակական համայնքի ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի արդյունքներով որոշում է կայացվել` դիմել Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին խնդրանքով, որպեսզի նրանք օրենսդրական մակարդակով ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառման շրջանակներում, որպես անպատժելիության կողմից ծնված ռեցիդիվի տեսանելի օրինակ, ներկայացվել է «Սովորական ցեղասպանություն.Մարաղա, 10 ապրիլի 1992թ.» ֆիլմը:

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 2005-ի մայիսի 19-ից, երբ Ղրիմի Գերագույն ռադան որոշում է ընդունել՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին:

5 տարի անց Հայոց ցեղասպանության դատապարտմամբ և օրենսդրական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով Ուկրաինայի ղեկավարությանը դիմել են Կիևի Գոլոսեևի շրջանային խորհուրդը, Խարկովի մարզի Իզյումի քաղաքային խորհուրդը, Ուժգորոդի քաղաքային խորհուրդը և այլն:

2010-ի ապրիլի 23-ին անվանի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ դիմել են Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին` խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ուկրաինայի հայերը մեծ հույսով սպասում են պաշտոնական Կիևի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշմանը: