Տոգոյի ափերի մոտ ծովահենները հարձակվել են ռուսական նավի վրա
Զինված ծովահենների խումբը ապրիլի 12-ին Տոգոյի Հանրապետության Լոմե նավահանգստում գրոհել է ռուսական Совкомфлот ընկերության SCF Provider նավթա-մթերքատար նավը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Սովկոմֆլոտի» այսօրվա հայտարարությանը:
«Ապրիլի 12-ին՝ ժամը 03:25-ի սահմաններում, Տոգոյի Հանրապետության Լոմե նավահանգստում, SCF Provider նավթա-մթերքատար նավ են ներխուժել զինված բանդիտները», - ասվում է հայտարարության մեջ:
Օգնության կանչված իրավապահ մարմինները հետ են մղել գրոհը և նավը մաքրել են բանդիտներից:
Հարձակման ժամանակ նավի անձնակազմը, համաձայն գործող կանոնակարգի, թաքնվել է հատուկ կահավորված նավախցում:
Ըստ «Սովկոմֆլոտի» տեղեկությունների՝ անձնակազմը չի տուժել, ուղեբեռը՝ նույնպես: Նավը որոշ վնասվածքներ ստացել է, սակայն նավարկելիությունը չի կորցրել և ներկայում շարունակում է բեռնափոխադրումը:
Միևնույն ժամանակ ՌԴ նավաստիների արհմիության հայտարարության մեջ ասվում է, որ նավը թալանվել է:









