Գյումրիի քննիչի մահը քաղաքական հենք չունի. Վլադիմիր Գասպարյան

12:02 • 13.04.12

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Գյումրիում ավտովթարի ենթարկված և հիվանդանոցի ճանապարհին մահացած Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, Վահրամ Բեյբությանի մահը, ըստ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, քաղաքական հենք չունի:

«Ի սկզբանե ասեմ, որ դա քաղաքական հենք չունի, միանշանակ պնդում եմ դա»,- այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը չցանկացավ խոսել կասկածյալների մասին։ Փոխարենը շեշտեց, որ չբացահայտվող հանցագործություններ չկան և խոստացավ, որ այս դեպքը արագ կբացահայտվի:

«Երբեք չբացահայտվող հանցագործություններ չկան։ Այս պարագան բացառություն չի կարող լինել: Եկե՛ք չշրջանառենք որևէ կասկածյալի անուն։ Այս դեպքը արագ բացահայտվողների շարքին է դասվում»,- ասաց ՀՀ ոստիկնապետը: